Հոկտեմբերի 30-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին նաև ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ, քննարկվել են մայրաքաղաքի կենսաապահովմանը, հետագա ծրագրերի մշակմանը և իրագործմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը կարևորվել է 2019թ. բյուջեի /այդ թվում` համայնքային/ ձևավորման, մասնավորապես` եկամուտների և ծախսերի մասով ֆինանսական փաստաթղթի վերջնական ուրվագծման անհրաժեշտությունը: Շահագրգիռ խոսակցություն է ծավալվել և կապիտալ շինարարության ծրագրերի հստակեցման շուրջ, ընգծվել է առաջնահերթությունների և ոլորտային ուղղվածության պահանջների պահպանման խնդիրը:
Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախապատրաստական աշխատանքների ընթացքի, ձմռանը պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և նախանշված ծրագրերը հաջողությամբ իրագործելու վերաբերյալ: Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող ընկերությունների ղեկավարներին մեկ անգամ ևս պարտավորեցրել է ձմռան շրջանում բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները և ապահովել քաղաքի բնակչության կենսական պահանջները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն