ԱՐՑԱԽՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՎԱԼԱՆՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

10.10.2018

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

 

Երեք տարի առաջ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Արցախի Հանրապետության արտգործնախարարը Վալանսի քաղաքապետի հետ համագործակցության և բարեկամության հուշագիր ստորագրեց, որի համաձայն Ստեփանակերտն ու Վալանսը հռչակվեցին քույր քաղաքներ: Առաջիկայում ծրագրվել էր Վալանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը` Արցախ, սակայն 2016թ. հակառակորդի կողմից սանձազերծած ապրիլյան պատերազմը ժամանակավորապես խոչընդոտեց այդ պայմանավորվածության իրագործումը: Այնուամենայնիվ, հարցն օրակարգում էր մնում և, հարմար պահ էր <<որոնվում>> դրա համար:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպումը Հայաստանում` լավ առիթ էր իրականացնելու վաղեմի ցանկությունը: Եվ ահա մեծածավալ միջոցառման շրջանակում Արցախ է ժամանել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերի առաջին հանդիպումը, բնականաբար, կայացել է գործընկերոջ` Ստեփանակերտի քաղաքապետի Սուրեն Գրիգորյանի հետ: Քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների անունից ողջունելով մայրաքաղաք ժամանած բարեկամներին, նա համոզմունք հայտնեց, թե ներկայացուցչական ընդգրկուն կազմով պարոն Դարագոնի այցը, որի կազմում են քաղաքապետի տեղակալ  Ֆրանկ Դիրածոնյա-Դոմասը, քաղաքային խորհրդի անդամներ, կրթության, մակույթի և արվեստի ոլորտների, ինչպես նաև` հայկական համայնքի ներկայացուցիչներ, կնպաստի համագործակցության խորացմանը և գործընկերային հարաբերությունների սերտացմանը, երկու ժողովրուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:

Կարևորելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը` Հայաստանում, քաղաքապետ Ս.Գրիգորյանը բարձր գնահատեց կառույցի դերը` համամարդկային արժեքների ամբողջացման, ֆրանսախոս երկրների մերձեցման, կրթության և մշակույթի զարգացման գործում: Նա ուրախությամբ նշեց, որ այդ տեսակետից հայ և ֆրանսիացի ժողովորդներն ընդհանուր շատ բան ունեն: Այն իրողությունը, որ ֆրանսիական լեզվի նկատմամբ Արցախում տարեցտարի աճում է հետաքրքրությունը և ավելի մեծ թվով պատանիներ ու երիտասարդներ են ընդգրկվում կառավարության կողմից խրախուսվող դասընթացներին, խոսում է բարեկամ երկրի ու նրա ժողովրդի հանդեպ մարդկանց ունեցած համակրանքի և խոր հարգանքի մասին: Անշուշտ, դա է փաստում և վիճակագրությունը: Մայրաքաղաքում գործող հանրակրթական 12 դպրոցներից 9-ում` մյուս առարկաների հետ աշակերտները նաև ֆրանսերեն լեզու են անցնում:

Անդրադառնալով համագործակցության խորացմանը միտված քայլերին, Սուրեն Գրիգորյանը գոհունակությամբ խոսեց սկզբնավորված այն ավանդույթների մասին, որոնք <<ուրվագծվում>> են ամենատարբեր ոլորտներում: Այդ առումով անուրանալի է Ֆրանսիայի հայկական համայնքի կողմից ցուցաբերվող աջակցությունը` պատերազմի հետքերի հաղթահարմանը, տնտեսության վերականգնման ու զարգացմանը: Հատկանշական է այն հանգամանքը, որ այդ առաքելության մեջ իրենց մասնաբաժինն ունեն և ֆրանսիացիները: Ու այդ շարքում քաղաքապետն ամիսներ առաջ Ստեփանակերտում շահագործված հանդբոլի նոր հրապարակի /ժամանակակից բոլոր ենթակառուցվածներով/ օրինակը բերեց, որը կառուցվել է գործարար, <<Պրոկոս>> ընկերության ղեկավար Ժիլ Իտանժեի ֆինանսական միջոցներով, և այսօր այն որպես մարզադաշտ, ծառայում է երիտասարդներին: Ընդ որում, հանդբոլի Արցախի թիմն ընկերական  հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում, իսկ բարեկամ երկրի մարզիկները հյուրընկալվել են Ստեփանակերտում:

Վերստին ողջունելով հյուրերին, Արցախ կատարած այցի առթիվ, Ս.Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց անձնապես խթանել <<քույր քաղաքների միջև բարեկամության կամրջի ամրապնդմանը և փոխգործակցության ընդլայնմանը:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նիկոլա Դրագոնը շեշտեց, թե ներկա այցը, որ կազմակերպվում է <<Ֆրանկոֆոնիայի օրերի>> շրջանակում, պարտավորեցնելու հետ մեկտեղ, լայն հեռանկարներ է բացում համագործակցության հետագա խորացման ուղղությամբ: <<Մեր կողմից ևս ջանքեր չեն խնայվի ընդհանուր նպատակների իրագործման համար, - հավաստիացրեց Վալանսի քաղաքապետը: - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ապրած իմաստալից կյանքով և հասարակական գործունեությամբ մեզ սովորեցրել է թե ինչպես պետք է պայքարել համամարդկային արժեքների համար և հասնել փայփայած երազանքներին ու իղձերին: Նա հավասարապես ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի հարազատ ու սիրված զավակն է, ով կյանքում միայն բարության սերմեր է ցանել և հավերժել բոլորիս սրտերում, ինչպես իր սքանչելի երգերն են>>, - նշեց Ն.Դրագոնը, որպես ասվածի ապացույց հավելելով, թե իր քաղաքում ևս, որպես խոր հարգանցի նշան, հրապարակներից մեկը կրում է Շառլ Ազնավորի անունը: Նա իր անունից ստեփանակերտցի գործընկերոջը հրավիրեց աշխատանքային այց կատարել Վալանս, ինչը Ս.Գրիգորյանի կողմից սիրով ընդունվեց:

Հանդիպմանը վերջում երկու քաղաքապետները հուշանվերներ փոխանակեցին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն