Եվս մեկ ամիս` ու հրաժեշտ կտանք 2012 թվականին:
Տարին, այո, մոտենում է ավարտին, բայց արդյոք, քաղաքապետարանի համապատասխան բաժինների ու նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ- կազմակերպությունների բոլոր պատասխանատունե՞րն են գիտակցում, որ պետության, քաղաքի բնակչության առաջ պարտավորություններ ունեն ստանձնած ու դրանք միանշանակ պիտի իրականացվեն: Ձմեռը շուտով լիովին իր իրավունքների մեջ կմտնի, իսկ բոլոր կառույցնե՞րն են, արդյոք, պատրաստ այդ պատասխանատու քննաշրջանին: Կենսապահովման ծրագրերում ներառված խնդիրների լուծման ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ջրմուղ-կոյուղի>>, <<Ջերմային տնտեսություն>>, <<Ստեփանակերտի համայնքային ծառայություն>>, <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությունների կողմից:
Այս և կազմակերպչական բնույթի այլ հարցեր էին ընդգրկված նոյեմբերի 26-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին ներկա էին քաղաքապետարանի բաժինների պետերն ու ծառայությունների ղեկավարները, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունների տնօրենները: Քաղաքապետի առաջարկությամբ քննարկվող հարցերի շուրջ կառույցների բոլոր պատասխանատուներն հանդես եկան տեղեկատվությամբ: Ս.Գրիգորյանը հիշեցրեց, որ ձմեռը լուրջ խնդիրներ կարող է առաջադրել, որին ընկերությունները միշտ պատրաստ պիտի լինեն և առանց ցնցումների ապահովեն բնակչության պահանջմունքները:
Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև համաքաղաքացիներին ցույց տրվող սպասարկումների դիմաց վճարումների գանձման, հարկերի հավաքագրման գործընթացների հստակեցման անհրաժեշտության մասին: Քաղաքապետն այն միտքն ընդգծեց, թե ցույց տրվող ծառայությունների համար պարտավոր են վճարել բոլորը, մանավանդ, որ համայնքային բյուջեի մի զգալի մասը ձևավորվում է հավաքագրվող գումարների հաշվին:
Ամփոփելով խորհրդակցությունը, վերջում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն Ամանորի տոնակատարություններին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու նպատակով իրավասու կառույցների ղեկավարներին կոնկրետ հանձնարարություններ տվեց:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար