ԱՅԴ ԿՈՉՄԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԷԼԵՆԻ ԹԵՈԽԱՐՈՒՍԸ
Եվրոխորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության այցն Արցախ նշանավորվեց խորհրդանշական իրադարձությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահի մոտ կայացած հանդիպմանը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, երկրում ու մայրաքաղաքում իրականացրած բարեգործական առաքելությունների, արտերկրում Արցախի քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու համար, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ, Եվրոխորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին հանդիսավոր պայմաններում հանձնել է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու վկայական:
Տիկին Թեոխարուսը շնորհակալություն է հայտնել <<անակնկալ պատվի արժանացնելու կապակցությամբ>> և հավաստիացրել, որ այսուհետ ևս իրենից կախված ամեն ինչ կանի արցախցիների օրինավոր պահանջը միջազգային հարթակներում ներկայացնելու, Կիպրոսի և Արցախի ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու համար:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն