ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ` ԱՌԱՋԻԿԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ Է
ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի և քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստման ընթացքն է քննություն առնվել օգոստոսի 14-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված խորհրդակցությունում, ուր իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասներ են հաղորդել միջոցառումների կազմակերպման քաղաքային հանձնաժողովի անդամներն ու քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուները:
Խորհրդակցությունում մասնավորապես առանձնակի ուշադրություն է հրավիրվել մայրաքաղաքի տոնական զարդարման, բարեկարգման և կանաչապատման, սանիտարական մաքրության ապահովման խնդիրներին, վերանայվել, հստակեցվել է մարզամշակութային միջոցառումների ծրագիրը, քաղաքապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:
Հանդիպմանն անդարդարձ է եղել նաև քաղաքի բազմաբնակարան շենքերի նկուղների նորոգման, կահավորման և գույքագրման գործընթացների շուրջ, քաղաքապետ Ս.Գրիգորյանը կարևորել է բարեկարգման աշխատանքների շարունակման, արտակարգ պայմաններում` դրանք որպես ապաստարաններ բնակչությանը տրամադրելու անհրաժեշտությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն