Սիրելի շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցական կյանքի հիշարժան իրադարձության` Վերջին զանգի կապակցությամբ: Զանգ, որ հնչում է որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող ղողանջ:
Բնական է այն հուզմունքը, որ այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով ձեզ համար հոգեհարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ խորհուրդ ևս: Այն ձեզ առաջնորդում է դեպի նոր կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ընդունակություններն ու կարողություններն ի սպաս դնելու մեր երիտասարդ, անկախ երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար, հերոսական ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը:
Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Ու ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների, հաստատուն և վստահ քայլերով: Դպրոցում ձեռք բերած գիտելիքները կարողանաք կատարելագործել, հետզհետե ավելի ամրապնդել և դուրս գալ նոր ուղեծիր:
Ուսումնառության մի նոր փուլ է սկսվում ձեզ համար: Ոմանք կանգնած են ուսումն ավագ դպրոցներում կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում շարունակելու, այսօր առավել պահանջված արհեստ սովորելու ընտրության առաջ: Մյուսները հրաժեշտ են տալիս կրթօջախին` բուհերում քննության բռնելու և ուսանողի կարգավիճակ ստանալու ակնկալիքով: Ինչպիսի մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեր յուրաքանչյուր քայլին հետևում են ձեր ծնողներն ու ուսուցիչները, հարազատները, և պարտավորված եք անպայմանորեն արդարացնել նրանց ակնկալիքները:
Սիրելի շրջանավարտներ
Վերստին ընդունեք իմ շնորհավորանքները` Վերջին զանգի առիթով: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նոր ձեռքբերումներ` առօրյա կյանքում, ուսման մեջ, նախընտրած բնագավառում:
Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկությունները: