Թանկագին ստեփանակերտցիներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ`Գերմանական ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ավագ սերնդի անցած դժվարին, բայց պատվաբեր, փորձություններով լի ճանապարհը միշտ էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել ու մղել նորանոր արարումների: Այդ առումով պատշաճ գնահատանքի է արժանի Հայրենական մեծ պատերազմի մասնակից արցախցիների հերոսական սխրանքը, որը 1945-ի մայիսի 9-ին ամրագրվեց գերմանական ֆաշիզմի դեմ խորհրդային երկրի ժողովուրդների տարած փառահեղ հաղթանակով:
Տարիներ անց սերտելով պապերից ու հայրերից ժառանգած դասերը, նրանց զավակները պատվով քննություն բռնեցին արցախյան գոյամարտի տարիներին` փառքով պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով Շուշին, մեր պաշտպանական ուժերը հետագա հաղթանակների սկիզբը դրեցին` հերոսական մի նոր էջ ավելացնելով արցախյան ազատամարտի տարեգրության մեջ: Եվ, կարծում եմ, սխալված չենք լինի ասել, թե Շուշին մեր հաղթանակների հաղթանակը հանդիսացավ: Մենք երբեք չենք մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն ուսանելի դաս է սերունդների համար: Մղձավանջային այն ծանր օրերին, երբ Ստեփանակերտը գիշեր-ցերեկ ռմբահարվում, հրետակոծվում էր թշնամու կողմից և բնակչության շրջանում շարունակ աճում էր զոհերի թիվը, ոչ ոք չէր մտածում մայրաքաղաքը լքելու մասին: Բոլորը մեկ մարդու պես համախմբվել, բռունցքվել էին` հայացքներն ուղղելով դեպի հայոց հինավուրց Շուշի: Բոլորս միմիայն մտածում էինք ռազմագործողության հաջող ավարտի, բերդաքաղաքի ազատագրման և ազատամարտիկների անփորձանք վերադարձի մասին:
Ու, երևի թե մեր միասնության, Հայաստանի, Սփյուռքի մեր եղբայրների զորեղ կամքի և անսասան ոգու շնորհիվ էր, որ հաղթեցինք և Շուշին վերածնվեց` վերստին դառնալով հայկական: Ստեփանակերտցիներից յուրաքանչյուրը, մեծ ու փոքրով, իր արժանի ներդրումն ունեցավ բաղձալի հաղթանակի նվաճման գործում: Հետագա ավերածություններից վերջապես փրկվեց մայրաքաղաքը: Հայաստանի, աշխարհի համայն հայության զորակցությամբ աստիճանաբար հաղթահարեցինք դժվարությունները և այսօր վերակառուցված ու բարեկարգ տեսքով է այն ներկայանում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ ոտք դրած մեր հայրենակիցներին, հյուրերին:
Սիրելի ստեփանակերտցիներ
Թույլ տվեք վերստին շնորհավորել Ձեզ Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթել քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն: Թող աշխատանքում և անձնական կյանքում բոլորիս ուղեկցեն հաջողություններն ու հաղթանակները: