ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
<<Երևան-Ստեփանակերտ>> փոխգործակցության շրջանակներում, հերթական աշխատանքային այցով Արցախում է գտնվում <<Երքաղլույս>> ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Գաբրիելյանը, ով հանրապետությունում, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող բարեգործական բազում ծրագրերի հեղինակ է հանդիսանում:
Ընկերության ղեկավարի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 26-ին հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով իր խոսքում բարձր է գնահատել Վ.Գաբրիելյանի աջակցությունը` երկրին ու մասնավորապես` մայրաքաղաքին: Ստեփանակերտցիների, հանրապետության բնակիչների հիշողություններում, հավանաբար, դեռ վառ են մնում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ քաղաքի տարբեր թաղամասերում, հրապարկներում և փողոցներում աչք շոյող գեղագիտական բավականություն պատճառող լուսաձայնային բարձրաճաշակ ձևավորումները, որոնց նախաձեռնողը հենց նա է: Բազմաթիվ են ընկերության գլխավոր տնօրենի ձեռնարկումները` ամենատարբեր բնագավառներում: Պատահական չէ, որ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Ստեփանակերտի զարգացման ծրագրերին աջակցելու համար, Վարդան Գաբրիելյանին քաղաքապետարանի շնորհակալագիր և հուշանվեր հանձնեց, մաղթելով նորանոր հաջողություններ` աշխատանքում և անձնական կյանքում:
<<Երքաղլույսի>> ղեկավարը շնորհակալություն հայտնելով քաղաքապետին` գնահատանքի խոսքերի և շնորհակալագրի համար, հավաստիացրեց, թե այսուհետ ևս իրենից կախված ամեն ինչ կանի համագործակցությունը խորացնելու և բարեկամությունը Երևանի ու Ստեփանակերտի միջև ամրապնդելու համար:
Հանդիպմանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն