ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

11.10.2012

 

Վավերացվեց Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության մասին ստորագրված համաձայնագիրը

Հոկտեմբերի 11-ին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցի` <Ստեփանակերտի  քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին> հաղորդագրությամբ հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ հաղորդագրության, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 612899.7 հազ.դրամ, պլանավորված գումարի 82.5  %-ը: Ընդհանուր մուտքերի 40.9%-ը կազմել են սեփական եկամուտները: Նախատեսված 240412.8 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 250899.7 հազ. դրամ և կատարողականը կազմել է 104.4%: Այսինքն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտները աճել են 38907.5 հազ.դրամով կամ 18.4%-ով:

Շենքերից և շինությունների գանձվող գույքահարկի գծով մուտքերը նախատեսված 67123.2 հազ.դրամի դիմաց կազմել են 58823.8 հազ.դրամ: Հողի հարկից գանձվող մուտքերը կազմել են 6576.9 հազ.դրամ /պլանավորված 7035.0 հազ.դրամի 93.5%-ը/: Փոխադրամիջոցներից գույքահարկի գծով պլանավորված 62975.9 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 88593.0 հազ.դրամ, կամ կատարողականը կազմում է 140.7%: Տեղական տուրքերի կատարողականը կազմել է 85.9%, իսկ պետական տուրքերի գծով պլանավորված 13735.0 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 14952.2 հազ.դրամ: Այսինքն` կատարողականը կազմել է 108.9%: 2012թ. 9 ամսվա բյուջեի կատարման ընթացքում այլ հարկային եկամուտների գծով մուտքագրվել է 7835.8 հազ.դրամ կամ աճը կազմել է 2.9 անգամ: Պաշտոնական դրամաշնորհների մասով համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 59.1%-ը կազմել է պետական բյուջեից տրամադրվող դոտացիան, ինչը 9 ամսվա կտրվածքով կազմում է 502500.0 հազ.դրամ և որից հատկացվել է 362000.0 հազ.դրամ /կատարողականը` 72.0%/: Այլ եկամուտների գծով պլանավորված 45228.4 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 38341.4 հազ.դրամ: Գույքի վարձակալությունից եկամուտների կատարողականը կազմել է 70.0%, իսկ վարչական գանձումներից գանձվող մուտքերը` 19016.0 հազ.դրամ /պլանավորված 9715.0 հազ.դրամի փոխարեն/: Այլ կերպ ասած, կատարողականը կազմել է 195.7%:

Քաղաքային համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 621605.5 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 742912.8 հազ.դրամի 83.7 տոկոսը:

Իր նկատառումները հայտնելով համայնքի 2012թ. բյուջեի 9 ամսվա կատարման վերաբերյալ , քաղաքապետ Ս.Գրիգորյանը նշեց, թե բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել նախատեսված ցուցանիշների գծով մուտքերն ապահովելու և էական առաջընթաց գրանցելու համար, մանավանդ, որ գալիք եռամսյակի արդյունքները ելակետային կարող են հանդիսանալ համայնքային բյուջեի 2012թ. կատարման տեսանկյունից:

Համայնքի ավագանին որոշեց ի գիտություն ընդունել 2012թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդումը :

Ավագանու նիստում, 2012թ. 3-րդ եռամսյակի փախհատուցման նպատակով, որոշում կայացվեց քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 292.5 հազ. դրամ գումար ավագանու անդամներին հատկացնելու մասին:

Ավագանին որոշեց վավերացնել 2012թ. սեպտեմբերի 28-ին` Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության մասին ստորագրված համաձայնագիրը, ինչը միահամուռ լայն հավանության արժանացավ: Այդ առնչությամբ կարևորելով փաստաթղթի նշանակությունը, Ս.Գրիգորյանը նշեց, որ համագործակցությունը կնպաստի փոխշահավետ կապերի ընդլայնմանն ու երկու մայրաքաղաքների միջև բարեկամության ամրապնդմանը և համատեղ ուժերով հնարավորություն կընձեռնվի իրագործել չլուծված հիմնախնդիրները: Քաղաքապետը համոզմունք հայտնեց, թե համայն հայության մայրաքաղաք Երևանի ու նրա քաղաքապետարանի հարուստ փորձը ուսանելի կլինի  նաև Ստեփանակերտի, ինչպես և քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ:

Մեկ այլ որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածով և կառավարության 2008թ. մայիսի 20-ի N 381 որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Ստեփանակերտի տեղանունների անվանումների և վերանվանումների քաղաքային հանձնաժողովի համապատասխան արձանագրությունը, հավանության արժանացրեց Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների, Նելսոն Ստեփանյանի և Անդրանիկի փողոցներին հարակից ծառուղին /նոր կառուցվող եկեղեցու մոտ/ Պոեզիայի զբոսայգի անվանելու մասին որոշման նախագիծը:

Նիստում քննության առնվեցին նաև կազմակերպչական բնույթի հարցեր: