Ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների ծրագրերի շրջանակներում մայրաքաղաքում անցկացվելիք շաբաթօրյակի միջոցառումներն են ճշգրտվել ու հստակեցվել ապրիլի 10-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրած խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի ներկա էին նաև մի շարք ընկերությունների տնօրեններ:
Հանդիպմանը համապատասխան կառույցների ղեկավարները տեղեկատվություն են ներկայացրել միամսյակի ընթացքի, կատարված աշխատանքների վերաբերյալ, շաբաթօրյակի ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները` կարևորելով ըստ տարածքների և հասցեատերերի: Նրանք միաժամանակ հանդես են եկել մի շարք առաջարկություններով:
Քննարկումների ժամանակ օրակարգից դուրս չեն մնացել նաև Մայիսյան եռատոնի նախապատրաստման գործընթացները: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը ներկաների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրելով քաղաքի սանմաքրման, կանաչապատման ու բարեկարգման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ընդգծել է, որ տոնական օրերին մայրաքաղաքն առավել բարետես, մաքուր ու գեղեցիկ պիտի լինի, հմայիչ և ներդաշնակ:
Խորհրդակցությանը շոշափվել են նաև կենսական նշանակության այլ հարցեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն