ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

22.02.2018

ՄԱՅՐԵՆԻԻ ԳՈՎՔԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐԴ-ՇՈՒՐԹԵՐԻՑ...

 

Փետրվարի 21-ին մայրենիի միջազգային օրվան նվիրված հետաքրքիր ու հագեցած միջոցառումներ են կազմակերպվել Ստեփանակերտի հանրակրթական  դպրոցներում  և ուսումնական տարբեր հաստատություններում: Եվ, ամենուր, անկախ նախաձեռնության  ձևաչափից, շրջանառության հիմքում` հայոց լեզվի անաղարտ պահպանման և գործածման, համազգային այդ մեծագույն, բացառիկ արժեքի գոյատևման  և զարգացման  խնդիրն  էր:

<<Հայի ապագայի ոսկե բանալին>>. այս խորագիրն էր կրում մայրաքաղաքի  Ա. Գրիբոյեդովի անվան հ. 3 միջնակարգ դպրոցում կազմակերպված գրական-երաժշտական հանդեսը, որ հեղինակել էր լեզվի և գրականության ուսուցչուհի Էլիանորա Ալեքսանյանը: Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը, ԿԳՍ նախարարության, կրթական համակարգի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ:

Դահլիճում խորհրդավոր լռություն է: Հանկարծ դուռը բացվում և ներս է մտնում մի զինվորական` ուսապարկով: Հետևի շարքերից լսվում է փոքրիկի ձայնը. <<Հայրիկ, հայրիկ>>: Նավազում և նետվում է զինվորի գիրկը: Ողջագուրվում են հայր ու որդի: <<Ինչպես ես, սիրելիս, լավ ես սովորում: Ինչու այստեղ ես, դասերդ դեռ չես ավարտել>>,- հարցնում է հայրը: <<Հայրիկ, այդքան հարցերիդ միանգամից ինչպես պատասխանեմ: Այսօր նշում ենք մայրենիի օրը և որքան լավ է, որ դու էլ այստեղես»… Այն հարցին, թե այբուբենը նոր ավարտած տղան ինչ է արտասանելու, փոքրիկը հպարտ բեմ էբարձրանում և ոգևորված թոթովում. <<Սիրում եմ քեզ հայոց լեզու, մայրիկիս պես անուշես դու>>…

Պատանի շեփորահարը հնչեցնում է «Արցախի կանչը»:  Դահլիճը փոթորկվում էծափերից, և շնորհաշատ երեխաները միմյանց հերթ չեն տալիս. ուրախ երգում են, պարում, արտասանում:  Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է յուրովի արտահայտել իր սերն ու հուզմունքը` մայրենիի, մեսրոպատառ այբուբենի, հայրենիքի, պաշտպանության բանակի, հայ զինվորի նկատմամբ, փորձում արժևորել լեզվի դերը` ինքնության պահպանման, հայոց պետականության կայացման, Արցախի վերածննդի նպաստման խնդրում: Փառաբանվում է ոսկեղենիկ հայերենը, անդարադարձ կատարվում հայոց գրերի ստեղծման պատմությանը, գիտության, գրականության և մշակույթի երևելիների ազգապահպան ու հայանպաստ գործունեությանը: Ու երեխաների վարդ-շուրթերից արտաբերվում է. <<Մեր հոգու բանաձևը` Մեսրոպյան գիրն է>>,  <<Մեր պատմության ողբագիրը` մեծն Խորենացին է՚>> <<Մեր անցյալի գաղտնագիրը` <<Մատյան ողբերգությունն է >>, <<Մեր հոգու կրակը` Աբովյանն է>>,  <<Մեր կյանքի մշտական ուղեկիցը` Թումանյանն է>>…

Եվ այսպես շարունակ, գրեթե երկու ժամ կրթօջախի աշակերտներն իրենց ուսուցիչների և դպրոցի տնօրեն Լյուդմիլա Հովհաննիսյանի գլխավորությամբ, իմաստախոսություններով,  հոգեպարար, սրտաբուխ ելույթներով`  խանդավառված ու լուսավոր էին պահում դահլիճը` հանդիսականներին պատճառելով գեղագիտական մեծ բավականություն: Ասես ժապավենի վրա մայրենիի պատմությունն ու տարեգրությունն էր <<ամբողջացվում>> գրական-երաժշտական հանդեսի մասնակիցների <<բեմականացմամբ>>, ու մաշտոցյան սուրբ գրերով հայոց լեզուն էր անմահանում դարի շուրթերին:

Մայրենիի օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց և ուսման բնագավառում հաջողություններ մաղթեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ Արտակ Ղուլյանը:       

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն