Փետրվարի 14-16-ը Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ N 1 դպրոցի մարզադահլիճում քաղաքի դպրոցների` 1-3-րդ դասարանների միջև կայացել է <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառում: Թիմերի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել երեխաների հետաքրքրությունը դեպի սպորտը, նրանց մեջ զարգացնել ուժ, ճկունություն, արագաշարժություն, դիմացկունություն, դաստիարակել կոլեկտիվում, հոգատար վերաբերմունք` միմյանց նկատմամբ: Երեխաները հանդես եկան 5 մրցաձևերում /խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք` արգելանքների հաղթահարմամբ, փոխանցումավազք` մարմնամարզական օղակներով, վարժություն` մանկական երկանիվ հեծանվով /կցորդ անիվներով/ և <<Օլիմպիական խորհրդանիշի հավաքում>>/:
Մրցույթում առաջին մրցանակային տեղ զբաղեցրել է 1-ին դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ տեղը գրավել է 10-րդ դպրոցի թիմը: Երրորդ մրցանակային տեղը բաժին է հասել 2-րդ դպրոցի հավաքական թիմին:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևի: Պարգևատրությունը կատարել է Ստեփանակերտի քաղաքապետի հատուկ հանձնարարականների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն