ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՐՆԴԵԶԸ

14.02.2018

ՏՈՆԸ ԵԶՐԱՓԱԿՎԵԼ Է ՈՒՐԱԽ ՇՈԻՐՋՊԱՐՈՎ

 

            <<Փետրվարի 13-ին ստեփանակերտցիները շուքով նշեցին մեր ժողովրդի ավանդական ազգային տոներից մեկը` Տրնդեզը>>:

Վ.Փափազյանի անվան պետական թատրոնի ընդարձակ բակում հավաքված տոնի մասնակիցներին երգ ու երաժշտության հնչունների ներքո ողջունեց քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվը: Տոնակատարության գլխավոր բաղադրիչներից մեկը, բնականաբար, <<անշեջ>> խարույկն էր, որի վրայով ցատկել են հարյուրվոր երիտասարդներ և զրնվորականներ` ստանալով հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանայի օրհնությունը:

            Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է տերունական տոն, որովհետև այն 40 օրական Հիսուսին նաև տաճար բերելու հիշատակությունն է խորհրդանշում: Նախաքրիստոնեական շրջանում Տրնդեզը բնության զարթոնքի խորհրդանիշն էր համարվում, և կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` հիշեցնելով նրան, որ ժամանակն է տեղը զիջել գարնանը: Հատկանշական է, որ հին ժամանակներում խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը հաջողությունների մեջ լինի: Ոմանք կրակի ածուխը քսում էին նաև կոպերին, որպեսզի տեսողությունը պայծառ լինի, իսկ կանայք կրակով խանձում էին իրենց հագուստի մի հատվածը կամ թաշկինակներ էին նետում խարույկի մեջ` ակնկալելով երջանկություն և պտղաբերություն:

            Քաղաքապետարանի մշակույթի  տան կոլեկտիվը հագեցած ծրագիր էր պատրաստել:

Տոնն ուղեկցվում էր հայկական ժողովրդական երգերով ու պարերով, որին սրտաբուխ միացել էին երիտասարդներն ու զինվորականները: Այն ավարտվել է ուրախ շուրջպարով: Ավանդույթի համաձայն տոնակատարության մասնակիցներին անուշահամ բարիքներ` աղանձ, չրեղեն, խնձոր, քաղցրավենիք է բաժանվել:

            Տոնական միջոցառմանը ներկա է գտնվել Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն