ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՆԴՐԱՆԻԿ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

16.01.2018

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Հարցերի լայն շրջանակ է քննության առվել հունվարի 16-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից 2018-ին հրավիրված աշխատանքային անդրանիկ խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի ներկա  էին  նաև մի շարք կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարներ:

Նպատակ ունենալով հստակեցնել առաջիկա անելիքներն ու ծրագրերը, քաղաքապետը ներկաներին հորդորել է առավել մեծ պատասխանատվությամբ ձեռնամուխ լինել աշխատանքներին ու հետևողականորեն իրագործել <<Ձմեռ>> ծրագրի պահանջները, կենսապահովման ոլորտի բոլոր ստորաբաժանումներում դրսևորել պահանջկոտություն և վերահսկողություն, պատվով դուրս գալ հերթական քննությունից: Օրակարգում, բնականաբար, տեսադաշտից դուրս չեն մնացել ձնամաքրման և ձնահեռացման, քաղաքի սանիտարական մաքրության, երթուղային տրանսպորտի անխափան աշխատանքի, հիմնարկ-ձեռնարկություններում, կրթօջախներում և բուժհաստատություններում` նորմալ ջեռուցման ապահովման հետ կապված հարցերը:

Խորհրդակությանն անդրադարձ է եղել նաև 2018թ. կապիտալ շինարարության ծրագրի վերջնական տարբերակի մշակմանն ու հստակեցմանը: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը բաժինների պետերին և ընկերությունների  պատասխանատուներին  հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել 2017թ.գործունեության հաշվետվությունը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն