Ուսանողների միջազգային օրվան էր նվիրված Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ` Արցախի բուհերի շուրջ 100 ուսանողների համար կազմակերպված յուրահատուկ ուխտագնացությունը Ամարասի վանական համալիր:
Ուսանողները ծանոթացան Արցախի վաղ միջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոնի պատմությանը, մոմեր վառեցին և աղոթեցին ՊԲ սահմանը հսկող զինվորների անփորձանք ու խաղաղ ծառայության համար:
Այնուհետև միջոցառման մասնակիցներն այցելել են Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի տարածքում գտնվող դարավոր սոսենուն, որի հարկի տակ անցկացվել է մշակութային հագեցած ծրագիր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասրդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանի խոսքով, այցը հայրենաճանաչողական էր և նպատակ էր հետապնդվում ուսանողներին ծանոթացնել Արցախի պատմամշակութային արժեքներին և բնական հուշարձաններին: <<Այդ առումով Ամարասի ընտրությունը պատահական չէր, քանի որ այն համարվում է հայկական դպրության առաջին կենտրոններից մեկը,- ասաց նա: -Այսպիսի միջոցառումներն, իմ համոզմամբ, նպաստում են երիտասարդության համախմբմանը, նրանց հայրենասիրական դաստիարակությանն ու հոգևոր, մշակութային կարողությունների և ընդունակությունների դրսևորմանը: Նման այցերը` հայրենիքն ավելի լավ ճանաչելու և այն զորացնելու հնարավորություններ են ընձեռնում>>,- հավելել է նա:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն