ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

30.10.2017

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՈՐԴԻՆԵՐԻՆ ՏԵՍԱԿՑԵԼՈՒ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ 1600 ԾՆՈՂՆԵՐ

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ զինծառայողների ծնողների այցը`պաշտպանության բանակի սահմանամերձ զորամասեր, բարի ավանդույթ է դարձել: Նրանք ծանոթանում են զինվորների առօրյային, ակտիվ շփումներ ունենում հրամանատարության և սպայական անձնակազմի հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները: Հատկանշական է, որ 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 900 ծնող հնարավորություն է ունեցել այցելելու զինծառայող իրենց որդիներին:

Օրերս Երևանի քաղաքապետարանի` սոցիալական կարևոր նշանակություն ունեցող հերթական ձեռնարկմանը մասնակից են դարձել երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ, ովքեր ավտոբուսներով ուղևորվել են Արցախ: Երևանում նրանց բարի ճանապարհ են մաղթել քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այնուհետև միանալով զինծառայողների ծնողներին, պետական այրերը նրանց հետ այցելել են Շուշիի Սուրբ Արմենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի և մոմեր վառել ու աղոթել պաշտպանության զինված ուժերի, մարտական հերթապահություն իրականացնող զինվորների անփորձանք, խաղաղ ծառայության համար:

Նույն օրը ՊԲ Ստեփանակերտում տեղակայված` Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում կայացել է Երևանի քաղաքապետի ու ՀՀ պաշտպանության  նախարարի հանդիպումը` զինծառայողների և նրանց ծնողների հետ, որին ներկա են գտնվել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը: Որպես խոր հարգանքի նշան, բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել Սպարապետի կիսանդրու առջև և խնկարկել նրա հիշատակը:

Իր խոսքում Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ նման այցերն ու հանդիպումները լինելու են շարունակական: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարներին, Ստեփանակերտի քաղաքապետին` ծրագրին աջակցելու համար: <<Բանակ-հասարակություն կապերի ամրապնդումը մեզ համար եղել և շարունակելու է մնալ առաջնահերթություն, - ասել է նա:-Վստահեցնում եմ բոլորիդ, որ անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սահմանին գտնվող զինվորներն ու նրանց ծնողները միշտ զգան, որ պետությունն ու համայնքն իրենց կողքին են: Մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ հարազատ օջախներ>>, -նշել է Տ.Մարգարյանը:

Հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետը` աչքի ընկածզինծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով և նվերներով:

Այցի շրջանակներում` Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել են Ստեփանակերտում կառուցվող Ազատամարտիկների այգի և ծանոթացել շինարարական աշխատանքներին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն