ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱՆ

23.09.2017

ԳՈՎՔ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ, ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻՆ

 

Ստեփանակերտի օրվան էր նվիրված քաղաքի Ս.Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցի դահլիճում կայացած գրական-գեղարվեստական ցերեկույթը, որը կազմակերպել էր քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը: Այն բացվեց Ստեփանակերտի օրհներգով, որը հնչեցվեց հ.9 հիմնական դպրոցի երգչախմբի կողմից: Միջոցառմանը հրավիրվել էին Ստեփանակերտի պատվավոր քաղաքացիները, քաղաքի ավագանու անդաներ, մտավորականության ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների և ուսումնական հաստատությունների ղեկավարներ /հատկանշական  է, որ կրթօջախի բակը վերածվել էր յուրահատուկ ցուցասրահի, ուր այցելուներին էին ներկայացվել դպրոցականների ձեռքի աշխատանքները` տարբեր հուշանվերների տեսքով, մայրաքաղաք Ստեփանակերտն ու Արցախը աշխարհն արտացոլող նկարներ, իսկ ասֆալտի վրա` փոխքրիներն արև և գունեղ ծաղիկներ, աղավնիներ էին պատկերել` խաղաղության թևիկներով/...

Ծրագրում ներառվել էին ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական , հայրենասիրական երգեր ու պարեր: Համերգի ամբողջ ընթացքում, որ համեմատվում էր հաղորդավարների գեղարվեստական, հնչեղ խոսքով և ասմունքով, երգ-երաժշտությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտի, Արցախ աշխարհի սրտաբուխ գովքն էր արվում, արժևորվում նրանց անցած դժվարին ու տատասկոտ, սակայն պատվաբեր ու լուսավոր ճանապարհը: Ու հանդիսատեսի մտապատկերի մեջ ուրվագծվում էր հին ու նոր Ստեփանակերտը, նրա պայծառ դիմանկարը:

Քաղաքի դպրոցների ու ուսումնական մյուս հաստատությունների` մասնավորապես, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական տան, գեներալ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների, նախադպրոցական հիմնարկների տաղանդավոր և շնորհալի երեխաների հետ ցերեկույթին առանձին շուք հաղորդեցին ուսուցիչները, որոնք իրենց բարձրաճաշակ կատարումներով, երգերով ու պարերով /խմբերգով/ արժանացան ներկաների ջերմ ընդունելությանը:

Վերջում, քաղաքի օրվա կապակցությամբ, ներկաներին, բոլոր ստեփանակերտցիներին շնորհավորանքի խոսքով դիմեց քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը: Նա մասնավորապես ասաց. <<Այսօր Ստեփանակերտը սոսկ քաղաք չէ, այլ յուրահատուկ այցեքարտ է Արցախի Հանրապետություն ոտք դնող յուրաքանչյուր այցելուի համար: Ստեփանակերտը ժամանակակից քաղաք է` մարդաշատ ու բարեկարգ, մաքուր ու կանաչապատ փողոցներով, գեղեցիկ պուրակներով ու զբոսայգիներով, բազմահարկ շենքերով ու նորաոճ շինություններով, հայկական ճարտարապետության գաղտնիքներն իրենց մեջ ամբարած պատմական հուշարձաններով, նախադպրոցական, հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական ու բարձրագույն ուսումնական բազում հաստատություններով, առողջապահական համալիրներով, սեփական դրոշով, զինանշանով ու օրհներգով... Տոնդ շնորհավոր, իմ լույսի ու հույսի քաղաք, մեր նվիրական անուրջների հինավուրց ոստան: Ծաղկիր, շենացիր և թող արևածագերդ բացվեն խաղաղությամբ, ամեն մի օրդ լցվի երգ-խնդությամբ և լազուր լինի երկնակամարը քո: Թող, ինչպես ասում են, գարուններդ գան ու չգնան: Շնորհավոր տոնդ` իմ գարուն քաղաք>>:

Տոնական միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու  Արմեն Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն