ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ`

01.09.2017

ԼՂՀ  ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Սիրելի ստեփանակերտցիներ

Քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե  շնորհավորում եմ Ձեզ` մեր ժողովրդի համար պատմական իրադարձության` ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի, ինչպես նաև սեպտեմբերի 1-ի գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Այսօր, հիրավի, մենք հպարտանալու առիթ ունենք, քանզի արցախյան ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերը լի են հաղթանակներով ու ձեռքբերումներով: Եվ, բնականաբար, մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է այն իրողությունը, որ ազատությունն ու անկախությունը ձեռք է բերվել մեծ դժվարությունների և զոհողությունների գնով: Հազարավոր հայորդիներ ու դստրեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն ազատ ու անկախ Արցախի` այն համոզմամբ, որ վերջ կտրվի Ադրբեջանի բռնատիրությանը և մեզ կվիճարկվի ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը:

Ավելի քան քառորդ դար է, ինչ կերտում ենք մեր անկախությունը, մեր երկրի ապագան: ԼՂՀ իշխանությունների, Հայաստանի, աշխարհի համայն հայության աջակցությամբ արագ վերացվել են դաժան պատերազմի հետքերը: Տարեցտարի զարգանում է տնտեսությունը, վերակառուցվում, իրենց տեսքն են բարեփոխում մեր քաղաքներն ու գյուղերը, պետության կողմից հոգ է տարվում բնակչության սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Առաջնահերթությունների թվում, երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է մնում դպրոցաշինության խնդիրը: Այդ տեսակետից հաճելի առիթներ քիչ չենք ունեցել և ստեփանակերտցիներս: Գրեթե ամեն տարի մայրաքաղաքում աշակերտների առաջ իր դռներն է բացում նորակառույց կամ հիմնանորոգված մի կրթօջախ` ժամանակակից ամենահարմարավետ պայմաններով, ուր Արցախի վաղվա ապագան է դաստիարակվում` սերտելով ավագների պատգամներն ու դասերը…

Հավատացած ենք, որ ձեռք բերված հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը  կնպաստեն սեփական ունակությունների և կարողությունների դրսևորմանը: Իսկ գաղտիք չէ, որ դպրոցն ավարտող աշակերտը վաղն ավագ սերնդի շարքերը համալրող մեր ապագան մանկավարժն է ու գիտնականը, բժիշկն ու տնտեսագետը, շինարարը, գրողն ու արվեստագետը, ովքեր պիտի ավելի շենացնեն և զորացնեն մեր երկիրը, այն դարձնեն առավել ծաղկուն ու բարգավաճ:

Սիրելի  համաքաղաքացիներ

Վերստին շնորհավորում եմ հիշարժան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղ ու անամպ երկինք, երջանկություն: