ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

31.08.2012

Օգոստոսի 30-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Օրակարգի առաջին և երկրորդ հարցերի վերաբերյալ տեղեկատվությամբ և պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետարանի համայնքային գույքի կառավարման բաժնի պետ Միքայել Դադայանը:

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ԼՂՀ կառավարության 2008թ. մայիսի 20-ի N 381 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով և հաշվի առնելով Ստեփանակերտի տեղանունների անվանումների և վերանվանումների քաղաքային հանձնաժողովի առ 27.08.2012թ. նիստի N 2 արձանագրությունը` Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշեց Ստեփանակերտ քաղաքի Ռ.Թուֆենկյանի անվան N 3 միջնակարգ դպրոցը վերանվանել հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս.Գրիբոյեդովի անվամբ: Որոշման երկրորդ կետով ուժը կորցրած ճանաչվեց Ստեփանակերտի քաղաքապետի 2000թ. նոյեմբերի 8-ի <Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոցի վերանվանման մասին> N 590 որոշումը:

Վերոհիշյալ հարցի շուրջ ներկայացնելով իր նկատառումները, քաղաքապետ Ս.Գրիգորյանը միանգամայն արդարացված համարեց կայացվող որոշումը` հավելելով, որ արդեն ավարտական փուլում է գտնվում  ռուս գրողի և դիվանագետի կիսանդրին ու շուտով այն կտեղադրվի նրա անունը  կրող կրթօջախի բակում: Միևնույն ժամանակ նա հավելեց, թե Թուֆենկյանի առաքելությունը չի անտեսվի և կրթօջախի լաբորատորիաներից կամ դասարաններից մեկը կկրի նրա անունը:

Հաշվի առնելով <Ջերմային տնտեսություն> փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա.Շաբանյանի գրությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող կաթսայատները համայնքի սեփականություն են հանդիսանում, խնդրվում է անվարձահատույց /մշտական օգտագործման իրավունքով/ տրամադրել ընկերությանը: Քննարկման արդյունքում, ավագանին որոշում  կայացրեց Ստեփանակերտ քաղաքում գտնվող թվով 10 կաթսայատներն անհատույց, օգտագործման իրավունքով <Ջերմային տնտեսություն> փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու վերաբերյալ:

Քաղաքային համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:

Նիստում քննության առնվեցին այլ հարցեր:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար