ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

26.08.2017

ՈՐ  ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ  ՄԱՔՈՒՐ ԵՎ ԲԱՐԵՏԵՍ,  ԱՌԱՎԵԼ  ՀՐԱՊՈՒՐԻՉ  ԼԻՆԻ

Քաղաքապետարանի կողմից հայտարարված սանիտարական մաքրության և բարեկարգման շաբաթօրյակը սեպտեմբերի 26-ին կազմակերպված ու պատշաճ մակարդակով է անցել Ստեփանակերտում: Միջոցառման մասնակիցներին ոգևորել էին ինչպես զով եղանակն ու փողոցներում հնչեցվող զվարթ երաժշտությունը, այնպես էլ` նախատոնական հանդերձանքի գունեղ ներդաշնակությունը, որ առանձնակի շուք էր հաղորդում քաղաքին:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ համաքաղաքային միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել պետական կառույցները, հիմնարկ-ձեռնարկությունները /անկախ սեփականության ձևից/, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունները: Համայնքն ընդգրկող գրեթե բոլոր թաղամասերում իրականացվել են սանիտարական մաքրման և բարեկարգման արդյունավետ աշխատանքներ: Լվացվել են հուշարձանները, հրապարակներն ու փողոցները. խնամվել պուրակներն ու սիզամարգերը:

Քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի խոսքով, Ստեփանակերտի թաղամասերում` ճամփեզրերին, բազմաբնակարան շենքերի բակերում, դպրոցների, նախադպրոցական հիմնարկների բակերում և զբոսայգիներում ոռոգվել են ծառերն ու թփերը, հեռացվել չորուկները: Ամենուր լայն թափ է հաղորդվել բարեկարգման աշխատանքներին` Հուշահամալիրում, Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակում, մայրաքաղաքի փողոցներում:

Սանիտարական մաքրման գլխավոր պատասխանատուն, բնականաբար,  հանդիսացել է <<Սանմաքրում>> ընկերությունը, ում և բնակհաշագործման տնտեսության  աշխատակիցների շնորհիվ էլ տոնական տեսք է ստացել  Ստեփանակերտը: Սանմաքրման են ենթարկվել բակերն ու հրապարակները, բազմաբնակարան շենքերի մուտքերն ու նկուղները, հովանոցները, հասարակական վայրերը: Շաբաթօրյակին իր ակտիվ  մասնակցությունն է բերել նաև <<Ջրմուղ-կոյուղի>> տնտեսության կոլեկտիվը: Հիմնարկությանը պատկանող ֆիլտրկայաններում և այլ օբյեկտներում իրականացվել են սանմաքրման և ախտահանման  ծավալուն աշխատանքներ: Ինչպես միշտ, այս անգամ ևս  իրենց պարտականությունների մեջ անթերի էին բուսաբանական այգու աշխատակիցները:

Քաղաքապետարանի պատասխանատուները հավաստիացնում են, որ առաջիկա տոներին Ստեփանակերտն առավել գեղեցիկ ու բարետես, մաքուր և հրապուրիչ կլինի:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն