ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

19.07.2017

ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

 

Հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության այցն Արցախ, նախորդներից առանձնանում էր ինչպես ներկայացուցչական կազմով, այնպես էլ միջոցառումների հագեցած ծրագրով: Քաղաքապետարանի պատասխանատուներից բացի պատվիրակության կազմում ընդգրկվել էին նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, մի շարք ընկերությունների և հաստատությունների տնօրեններ:

Պատվիրակության այցն, ավանդույթի համաձայն, մեկնարկել է Ստեփանակերտի հուշահամալիրում, ուր քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշակոթողին: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ, Երևանից ժամանած հյուրեը շրջվել են <<Եղբայրական գերեզմանոցում>> և ծաղիկներ տեղադրել արցախյան գոյամարտում նահատակված ազատամարտիկների շիրիմներին, խնկարկել նրանց հիշատակը:

Այնուհետև Ստեփանակերտի քաղաքապետարանի դահլիճում ընդլայնված կազմով կայացել է երկու մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը: Քաղաքապետարանի անձնակազմի, բոլոր ստեփանակերտցիների անունից ողջունելով պատվիրակության անդամներին, Սուրեն Գրիգորյանը բարձր է գնահատել Տարոն Մարգարյանի անձնական ներդրումը` տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման ու զարգացման, Երևանի ու Ստեփանակերտի միջև հետզհետե ամրապնդվող բարեկամության, գործընկերային սերտ հարաբերությունների կայացման տեսանկյունից, ընդգծել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից Ստեփանակերտ քաղաքին ցուցաբերվող մշտական աջակցությունը: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, Ս.Գրիգորյանը միաժամանակ շնորհավորել է երևանցի գործընկերոջը` վերընտրվելու կապակցությամբ, նրան մաղթել նորանոր հաջողություններ, համոզմունք հայտնել, որ <<հետագա տարիները` մայրաքաղաք Երևանի ներդաշնակ զարգացման և ներուժի արդյունավետ օգտագործման առումով կլինեն առավել արգասաբեր, Արցախի շենացման, նրա մայրաքաղաք Ստեփանակերտի վերափոխման համար կբացվեն համագործակցության լայն հեռանկարներ>>:Անդրադառնալով առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառներում ուրվագծվող փոխգործակցությանը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գործընկերոջը խնդրեց աջակցել նաև միջազգային կազմակերպությունների միջոցով` կադրերի վերապատրաստման ծրագրերում ստեփանակերտցի մասնագետների ընդգրկմանը: Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել պարոն Մարգարյանին` Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտին ցուցաբերվող նյութական և բարոյական օգնության համար:

Հանդես գալով պատասխան խոսքով, Տ.Մարգարյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Ս.Գրիգորյանին` ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, վստահեցրել, որ Երևանում` համագործակցության և բարեկամության ամրապնդման վերաբերյալ ստորագրված համաձայնագրի շրջանակում կիրականացվեն կենսական նշանակության նոր ծրագրեր` ընդգրկելով ամենատարբեր ուղղություններ: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում <<Ազատամարտիկների պուրակի>> հիմնադրմանը, նա համոզմունք է հայտնել, թե <<Արցախի մայրաքաղաքի սրտում շուտով կբացվի ևս մի գողտրիկ ու խորհրդանշական անկյուն, որը շատ սիրելի, հոգեհարազատ վայր կհանդիսանա ոչ միայն արցախցիների, այլև արտերկրից Ստեփանակերտ այցելող հյուրերի համար>>, այնտեղ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ կձևավորվեն գեղեցիկ ավանդույթներ, այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու արցախյան ազատամարտում և ապրիլյան պատերազմում հայ զինվորների դրսևորած հերոսական տարեգրության հարուստ էջերին, հպարտանալու դիրքապահ տղաների սխրագործությամբ, արժևորելու հայրենիքի համար զոհված մարտիկների հիշատակը: Տարոն Մարգարյանը սիրով ընդունեց Ս.Գրիգորյանի` կադրերի վերապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու առաջարկությունը և խոստացավ դրական լուծում տալ խնդրին:

Ավանդույթի համաձայն Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը խորհրդանշական հուշանվերներ փոխանակեցին:

Քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո հյուրերը քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների վետերանների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտում կառուցվող <<Ազատամարտիկների պուրակ>> և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: Ծրագրի իրագործման վերաբերյալ հավաստի տեղեկություններ հաղորդելով Երևանի քաղաքապետին, ճարտարապետ Վլադիկ Սարգսյանը նշեց, որ արդեն շինարարական աշխատանքների ամենապատասխանատու, վճռական փուլն է թևակոխել և հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվում են պատշաճ որակ ապահովելու, կառուցապատումն պահանջվող չափորոշիչներին համապատասխանեցնելու համար: Նրա խոսքով << հաշվի է առնվում մանր և աննշան թվացող յուրաքանչյուր հանգամանք, որպեսզի ոչինչ դուրս չմնա շինարարների և վերահսկվողների տեսադաշտից>>:

Ներկաները համոզվեցին, որ օր-օրի ամբողջանում է համալիրը, և արդեն ուրվագծվում են պուրակի` ճարտարապետական ուշագրավ լուծումներով շինություններն ու հարթակները, մեծ ու փոքր հրապարակները, օժանդակ կառույցները: Կապալառուի` <<ՊԱՆՏ>> շինարարական կազմակերպության ղեկավար Սերգեյ Հարությունյանի պարզաբանմամբ ևս մեկ տարի կպահանջվի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Իսկ մինչ այդ անհրաժեշտ կլինի վերանայել ու ևս մեկ անգամ ճշգրտել Վերածննդի հրապարակից և Թումանյանի փողոցից դեպի պուրակ ձգվող <<մայրուղիներն>> ու արահետները, նոր թափ հաղորդել բարեկարգման ու կանաչապատման գործընթացներին:

Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի գլխավորած պատվիրակության հերթական կանգառը` ՊԲ տանկային զորամասն էր: Առաջին անգամ չեն երևանցիներն այստեղ: Քաղաքապետի նախաձեռնությամբ բազմիցս են ծնողները հատուկ ավտոշարասյունով տեսության եկել Արցախում իրենց զինվորական պարտքը կատարող զավակներին: Դեռ թարմ են նախորդ այցի մասին տղաների հիշողությունները: Ծնողների և հարազատների հոգատարությամբ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն են այսօր զորամասում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է հետաքրքրվում տղաների զինվորական առօրյայով, նրանց մտահոգող խնդիրներով: Իսկ մինչ այդ, որպես աջակցություն, հրամանատարությանն են հանձնվում 30 հեռադիտակ, հեռուստացույցներ և համակարգիչներ, այլ պարագաներ: Թվով 500 զինվորների բաժանվում է քաղցրավենիքների <<հավաքածու>>: Բարեմաղթանքի խոսքերից հետո հրապարակում թնդում է զինծառայողների ուրախ շուրջպարը` մասնակից դարձնելով Երևանից ժամանած հյուրերին:

Քաղաքապետարանի պատվիրակությանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այցի շրջանակում երեկ հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանը: Հյուրերն ի սրտե շնորհավորել են նրան խորհրդարանում` մեծամասնության քվեարկությամբ երկրի  ղեկավարի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Արցախի ժողովրդին մաղթել խաղաղություն և բարգավաճում:

Հուլիսի 20-ին Երևանի քաղաքապետարանի  պատասխանատուները և վարչական շրջանների ղեկավարները համագործակցության ծրագրի շրջանակում կայցելեն Ճարտար, ուր կմասնակցեն քաղաքի օրվա հետ կապված հանդիսություններին:

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն