Պետական և համայնքային բյուջեի միջոցների հաշվին մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները:
Եթե քաղաքի Հեքիմյան փողոցը, ջրահեռացումից և ենթակառուցվածքների վերափոխումից հետո, լիովին բարեկարգվել, մանրահատիկ ասֆալտապատվել է, ապա Մխիթար Սպարապետ և Սասունցի Դավիթ փողոցներում դեռ նոր են մեկնարկել այդ աշխատանքները: Բնակիչները գոհ են կապալառուի` <<Վերածնունդ>> ընկերության կողմից իրականացված աշխատանքների որակից և համոզված են, որ <<մի քանի տարի խնդիրներ չեն առաջանա>>:
Բարեկարգման ծրագրի շրջանակում արդյունավետ աշխատանքներ են տարվում նաև քաղաքապետարանի համայնքային բյուջեի միջոցներով: Շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի հավաստմամբ, ամռան ընթացքում նախատեսվում է ընթացիկ նորոգման ենթարկել վնասված հենապատերն ու սանդուղքները, աղբյուրներն ու կոյուղագծերը: Նրա խոսքով, առաջնահերթ բարեկարգվում են Ազատամարտիկների փողոցի առավել տուժած ճանապարհահատվածներն ու մայթերը, բնակչության համար դարձնելով առավել մատչելի ու հարմարավետ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն