ԵՌԱՏՈՆԸ` ՀՈՐԴԱԲՈՒԽ, ՀՊԱՐՏ, ՄԻԱՍՆԱԿԱՆ
Արցախի ժողովուրդն աշխարհի համայն հայության հետ 25-րդ անգամ նշեց եռատոնը` հորդաբուխ, հպարտ, միասնական, ինչն ավելի է իմաստավորում մայիսի 9-ի խորհուրդը:
Տոնական հանդիսությունները մեկնարկեցին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, ուր մասնակիցների բազմամարդ երթը ՊԲ նվագախմբի հաղթական քայլերգի ներքո ձգվեց դեպի նորոգ Հուշահամալիր: Այն առաջնորդում էին հայկական երկու հանրապետությունների ղեկավարները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրանց հետ էին ՀՀ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պետական, քաղաքական գործիչներ, պաշտպանության բանակի գեներալներ ու բարձրաստիճան սպաներ, Մեծ հայրենականի և արցախյան ազատամարտի վետերաններ:
Ժամը 11-ին ՊԲ նվագախումբն ազդարարում է ծաղկեպսակադրության արարողության սկիզբը: Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի անունից ծաղկեպսակներ են դրվում հուշարձանի պատվանդանին: Ծաղկեպսակադրություն է կատարվում նաև ՀՀ և Արցախի Հանրապետությունների պետական մի շարք կառույցների ու գերատեսչությունների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՊԲ հրամանատարության կողմից:
Մայիսի 9-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ, այցելելով Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ տեղադրելով Հուշահամալիրի պատվանդանին ու արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին, քաղաքացիական իր պարտքն է կատարել և քաղաքապետարանի աշխատակազմի կոլեկտիվը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն