ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ`ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.05.2017

 

            Թանկագին ստեփանակերտցիներ

           Շնորհավորում եմ Ձեզ Գերմանական ֆաշիզմի դեմ տարած  Մեծ հաղթանակի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ավագ սերնդի անցած ճանապարհը միշտ էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել նրանց ու մղել նորանոր արարումների: Այդ առումով պատշաճ գնահատանքի է արժանի Հայրենական մեծ պատերազմի մասնակից արցախցիների հերոսական սխրանքը, որը 1945-ի մայիսի 9-ին ամրագրվեց խորհրդային երկրի ժողովուրդների տարած փառահեղ հաղթանակով:

         Ուշագրավ է, որ տարիներ անց սերտելով պապերից ու հայրերից ժառանգած դասերը, նրանց զավակները պատվով քննություն բռնեցին արցախյան գոյամարտի տարիներին` փառքով պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով Շուշին, մեր պաշտպանական ուժերը հետագա հաղթանակների սկիզբը դրեցին` հերոսական մի նոր էջ ավելացնելով արցախյան ազատամարտի տարեգրության մեջ: Ինչպես ասում են, Շուշին մեր հաղթանակների հաղթանակը հանդիսացավ:Մենքերբեք չենքմոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն ուսանելի դաս է սերունդների համար:

       Մեր հիշողությունից չեն ջնջվում մղձավանջային այն ծանր օրերը, երբ Ստեփանակերտը գիշեր-ցերեկ ռմբահարվում, հրետակոծվում էր թշնամու կողմից և բնակչության շրջանում շարունակ աճում էր զոհերի թիվը, սակայն  ոչ ոք չէր մտածում մայրաքաղաքը լքելու մասին: Բոլորը  մեկ մարդու պես համախմբվել, բռունցքվել էին, հայացքներնուղղելովդեպի հայոց հինավուրց Շուշի: Միմիայն մտածում էինք ռազմագործողության հաջող ավարտի, բերդաքաղաքի ազատագրման և ազատամարտիկների անփորձանք վերադարձի մասին:

Ու, երևի թե մեր միասնության, Հայաստանի, Սփյուռքի մեր եղբայրների զորեղ կամքի և անսասան  ոգու շնորհիվ էր, որ հաղթեցինք և Շուշին վերածնվեց`վերստին  դառնալովհայկական: Ստեփանակերտցիներից յուրաքանչյուրը, մեծ ու փոքրով, իր արժանի ներդրումն ունեցավ բաղձալի հաղթանակի նվաճման գործում: Հետագա ավերածություններից վերջապես փրկվեց մայրաքաղաքը: Հայաստանի, աշխարհի համայն հայության զորակցությամբ աստիճանաբար հաղթահարեցինք դժվարությունները և այսօր  հպարտորեն, վերակառուցված ու բարեկարգ տեսքով է այն ներկայանում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ ոտք դրած մեր հայրենակիցներին, հյուրերին:

            Սիրելի  ստեփանակերտցիներ

            Թույլ տվեք վերստին շնորհավորել Ձեզ Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթելքաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն: Թող աշխատանքում և անձնական կյանքում բոլորիս ուղեկցեն հաջողություններն ու հաղթանակները:

            Փառք Արցախի պաշտպանության բանակին:

            Փառք հայ զինվորին: