ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ
Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ավանդույթ է դարձել Մայիսյան եռատոնի կապակցությամբ քաղաքի դպրոցականների միջև շարադրությունների մրցույթի կազմակերպումը:
Հատկանշական է, որ այս անգամ իր ձևաչափով այն տարբերվում էր նախորդներից:Շարադրության մրցույթը կազմակերպվել էր երկու փուլով: Առաջինում ընդգրվել էին մայրաքաղաքի դպրոցների 8-12-րդ դասարանների, իսկ երկրորդում` 5-12-րդ դասարանների աշակերտները: Ընդորում, եթե ավանդային մրցույթի` դպրոցական շարադրությունները <<Իմ վերծնված Շուշի>> խորագիրն էին կրում, ապա մյուս ձևաչափում` երեխաներն իրենց ստեղծագործական ընդունակությունները դրսևորեցին հաղթանակի թեմայով արված <<Գոյամարտի>> տեսագրությունների և բնանկարների շուրջ, փորձելով յուրովի ընկալել երևույթները և արժևորել Մայիսյան եռատոնը:
Մայիսի 6-ին ամփոփելով մրցույթի արդյունքները, լավագույն աշակերտների հեղինակներն ու նրանց լեզվի և գրականության ուսուցիչները Ստեփանակերտի քաղաքապետի կողմից արժանացան պարգևների և հուշանվերների: Պարգևատրման կապակցությամբ կայացած հանդիպումանը փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը ներկաներին ջերմորեն շնորհավորեց ինչպես մայիսյան տոների, այնպես էլ` ստեղծագործական շարադրությունների մրցույթում աչքի ընկնելու համար: Իր խոսքով քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը ևս հիշարժան իրադարձության կապակցությամբ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց աշակերտներին և նրանց ուսուցիչներին` մաղթելով հաջողություններ ուսման բնագավառում, խաղաղություն ու երջանկություն:
Պատվոգրերն ու հուշանվերները հանդիսավոր պայմաններում դպրոցականներին և ուսուցիչներին հանձնեց փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկան Ստեփանակերտի հ.8 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Աբրահամյանը, մի խումբ աշակերտներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն