ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

09.07.2012

Ինչպես հայտնի է, այս օրերին ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հրավերով, պետական կառույցների աշխատակազմերում ներգրավված քաղծառայողների համար նախապատրաստական դասընթացներ կազմակերպելու նպատակով, հանրապետությունում է գտնվում ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ժամանած պրոֆեսորադասախոսական խումբը, որին գլխավորում է  պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը:

Հուլիսի 5-ին նիստերի դահլիճում  Ստեփանակերտի քաղաքապետարանը հյուրընկալել էր ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանին և ակադեմիայի դոցենտ, պրոֆեսոր Վիլիկ Եդիգարյանին, որոնց ուղեկցում էր ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Ջիվան Հարությունյանը:

Հյուրերին ողջունել և պետական-կառավարչական հիմնարկների համար բարձրորակ կադրեր պատրաստելու գործում նրանց առաքելությունը բարձր է գնահատել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Քաղաքապետարանի քաղծառայողների հետ հանդիպմանն արծարծվել է “Հասարակության հետ շփման հմտությունները” թեման, ինչի վերաբերյալ իրենց նկատառումներն են հայտնել ակադեմիայի պատասխանատուները;

Վերջում հյուրերը պատասխանել են ներկաների կողմից բարձրացված հարցերին: