ՊԱՏՎՒՐԱՏՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ Է

04.05.2017

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ

 

Շուտով մայրաքաղաքի` Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի /Բեկորի/ անունը կրող զբոսայգին միանգամայն նորոգ տեսքով ու ճարտարապետական ուշագրավ հնարքներով կներկայանա ստեփանակերտցիներին: Այդ մասին են վկայում այս օրերին շինարարների կողմից զբոսայգում իրականացվող լայնածավալ աշխատանքները, որ մեկնարկել են երկու շաբաթ առաջ:

Ըստ <<Արտշինկոմբինատ 2>> ընկերության տնօրեն Միքայել Լալայանի, բարեկարգման ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնովին վերափոխել զբոսայգու կառուցվածքը և լիարժեք հանգստի գոտու վերածել այն: Հողային աշխատանքներին  անմիջապես հաջորդել են հենապատերի և աստիճանների կառուցման, սալիկապատման, լուսամփոփների վերականգման աշխատանքները: Տարածքում կգործեն  շատրվաններ և ցայտաղբյուրներ, կընդլայնվեն կանաչ տարածքները: Ինչպես ընկերության ղեկավար Միքայել Լալայանն է տեղեկացնում,  փորձառու  մասնագետներ են ստանձնել զբոսայգու բարեկարգումը, և շինարարության մեջ  բացարձակապես  օգտագործվում են տեղական  շինանյութեր` ճերմակ մարմարի համադրմամբ:

Ծրագրի պատվիրատուն, բնականաբար, համարվում է Ստեփանակերտի քաղաքապետարանը, որը նպատակ է հետապնդում հերոսի անվան զբոսայգին լիովին  համապատասխանեցնել ճարտարապետական  պահանջներին և այն դարձնել մայրաքաղաքի ամենագողտրիկ անկյուններից մեկը: Իսկ, որ վերակառուցումից  հետո զբոսայգին անճանաչելիորեն կվերափոխվի և Աշոտ Ղուլյանի  նորոգ հուշարձանը մշտապես կգտնվի հոգածության և ուշադրության ներքո, դրանում հավատացած են նաև նախագծի հեղինակները:

Ճարտարապետ Միքայել Սարգսյանի խոսքով, շուրջ 3 հեկտար տարածք է զբաղեցնելու զբոսայգին, որի առաջին փուլի աշխատանքները կավարտվեն մայիսի 8-ին: Նախագծի համաձայն, այգին   մուտք կունենա ինչպես Վազգեն Սարգսյանի, այնպես էլ` Անդրանիկ զորավարի փողոցից: Մ.Սարգսյանը տեղեկացնում է, որ տարածքում բեմ է նախատեսվում` բացօթյա միջոցառումների համար, ստորգետնյա անցումով զբոսայգին կկապվի կառուցվող մայր տաճարի հետ ու  ամենուր ներդաշնակ և գունեղ լուսավորություն կապահովվի: Նա վստահեցնում է, որ  երկրորդ փուլի աշխատանքները ևս  չեն ուշանա և <<վերջնական արդյունքում` հերոսի անվան զբոսայգին իր անվանը համահունչ տեսք կունենա>>:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն