ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ ԱՐԴԵՆ ՈւՆԻ ԻՐ ԶԻՆԱՆՇԱՆԸ

02.07.2012

Հունիսի 28-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ձեռնամուխ լինելով օրակարգի հաստատմանը, քաղաքային համայնքի ավագանին առաջինը քննության առավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի զինանշանի մասին հարցը, որը ներկայացրեց մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Նարինե Դադայանը: Նա տեղեկացրեց, որ շուրջ երկու տարի առաջ Ստեփանակերտի զինանշանի պատկեր ստեղծելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել են 40-ից ավելի հեղինակներ: Մրցութային հանձնաժողովը, որում ընդգրկված են եղել ինչպես ստեղծագործական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու մասնագետներ/ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ, գրողներ, գիտնականներ/, այնպես էլ պետական կառույցների, այդ թվում` քաղաքապետարանի պատասխանատուներ, քննություն առնելով  ներկայացված աշխատանքները, մրցույթում հաղթող է ճանաչել երիտասարդ նկարիչ  Արմեն Մնացականյանին և   միաձայն հավանության արժանացրել զինանշանային տարբերակը:

Ավանդական վահանի ուրվագծի մեջ տեղադրված են հետևյալ տարրերը: Ձախ կողմից Վաչագան Արքայի մի ձեռքում սուրն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի դարավոր պայքարը օտար նվաճողների դեմ, իսկ մյուս  ձեռքում  խաչը` քրիստոնեական հավատքի խորհրդանշանը; Զինանշանի աջ <<թևում>>  <<Մենք ենք, մեր սարերը>>   հուշահամալիրի պատկերն է   զետեղված, որը խորհրդանշում է  մեր ժողովրդի երկարակեցությունը, իսկ  ուրվագծված   հաջորդ  պատկերն ընդգծում է մեր ժողովրդի հին և հարուստ մշակույթ ու գրականություն  ունենալու հանգամանքը: Վահանի չորրորդ մասում պատկերված է մայրաքաղաքի ճարտարապետությունն ու շինարարությունը: Զինանշանի կենտրոնում, բնականաբար, մայրաքաղաքի բանալին է, որի մի մասը պատկերված է հավերժության նշանի տեսքով: Ասել է թե` այն իր հերթին խորհրդանշում է Ստեփանակերտի հավերժությունն ու ամրությունը: Վահանակի ներքևի մասում հիշատակված է մայրաքաղաքի անվանումը:

Հարցի շուրջ հանդես գալով պարզաբանումներով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ զինանշանը տեղ գտնելով քաղաքի առօրյա կյանքում, ակտիվ  դերակատարություն կունենա զբոսաշրջության ընդլայնման գործում և,  որպես խորհրդանիշ, ամենատարբեր առիթներով արժանապատվորեն կներկայացվի հանրությանը: Քաղաքային համայնքի ավագանին միաձայն հաստատեց Ստեփանակերտի զինանշանը:

Քաղաքային համայնքի ավագանին որոշում ընդունեց համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարելու, ոչ բնակելի տարածքը  վարձակալության իրավունքով տրամադրելու, առանց ծնողական խնամքի մնացած Հայկ Վալերիի Մխիթարյանին   բնակհաշվառման հերթացուցակում ընդգրկելու, <<Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան>> ՓԲԸ Հեքիմյան փողոցի  11/9-8 հասցեում գտնվող ավտոտնակներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, <<Ջրմուղ-կոյուղի>> ՓԲԸ կանոնադրական կապիտալի ավելացման մասին:

Ավագանու նիստն ավարտվեց ուրախ նոտայով: Ծննդյան օրվա կապակցությամբ ներկաները շնորհավորեցին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, մաղթելով նրան քաջառողջություն, անձնական երջանկություն և արգասաբեր աշխատանք:

 

Ստեփանակերտի քաղաքապետի  մամուլի քարտուղար