ԽՆԿԱՐԿՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Ապրիլի 24-ին Արցախի մայրաքաղաքում ևս նշվել է Հայոց Մեծ եղեռնի տարելիցը: Առավոտից մինչ երեկո չէր դադարում Ստեփանակերտի <<Զանգակատուն>> տանող մարդկանց հոսքը: Այստեղ էին շտապում պետական այրերն ու զինվորականները, Մեծ հայրենականի ու արցախյան ազատամարտի վետերանները, մտավորականության ներկայացուցիչները, ուսանողներն ու դպրոցականները: Հրեշավոր ոճրագործությունը դատապարտող պաստառները, որ վկայում են ժողովրդի համախմբվածության և անսասան կամքի մասին, նաև արտահայտությունն էին այն ճշմարտության, որ այլևս երբեք ցեղասպանություն թույլ չի տրվի, քանզի զգոն և մշտարթուն են Հայաստանում և Արցախում, ամբողջ հայ ժողովուրդն է այսօր բռունցքվել ոխերիմ թշնամու դեմ:
Ժամը 11-ին մայրաքաղաքի հասարակությանը միացան երկրի ղեկավարները` Բակո Սահակյանի գլխավորությամբ: Նրանք գլուխ խոնարհեցին անցյալ դարում մարդկության դեմ իրագործված ամենադաժան ոճրագործության` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղիկներ տեղադրելով հուշարձան-կոթողին: Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն:
Այցելելով <<Զանգակատուն>>, մյուս կառույցների հետ քաղաքացիական իր պարտքն է կատարել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Մինչև երեկո շարունակվում էր մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ նրանք իրենց բաժին ծաղիկներն էին խոնարհում և ոգեկոչում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը:
.
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն