ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԹԵԹԵՎ ԱՏԼԵՏԻԿԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

12.04.2017

ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՊԱՏՎՈԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻ

Ապրիլի 10-11-ը կայացել է Ստեփանակերտ քաղաքի` թեթև ատլետիկայի ավանդական դարձած անհատական առաջնությունը, որին մասնակցում էին մայրաքաղաքի թվով 11 դպրոցների հավաքական թիմերը: Ընդհանուր առմամբ, մրցույթում ընդգրկված էին 120 մարզիկներ /յուրաքանչյուր թիմից` 5-ական տղա և աղջիկ/:

Ըստ քաղաքապետի` հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանի, մրցույթի նպատակը թեթև ատլետիկա մարզաձևի մասսայականացումն է Ստեփանակերտ քաղաքում: <<Ձեռնարկելով միջոցառումը, մենք փորձել ենք բարձրացնել մարզիկների մարզական ոգևորությունը, աշակերտների շրջանում ձևավորել առողջ ապրելակերպ և ի հայտ բերել  ուժեղագույն մարզիկներին: Իսկ դա լավ առիթ է քաղաքի թիմը համալրելու համար>>, - ասում է Է.Առուշանյանը:

Մարզիկները մրցում էին 100, 200, 400, 800 և հեռացատկ մրցաձևերում:

100մ վազքատարածությունում աղջիկներից առաջին պատվավոր տեղը գրավեց 11-րդ դպրոցի աշակերտուհի Ռուզաննա Մելքումյանը /նա, ի դեպ, հաղթող է ճանաչվել նաև 200մ վազքատարածությունում/: Տղաներից ամենաուժեղն էր նույն կրթօջախի սան Արայիկ Առաքելյանը: 200մ վազքատարածությունում առաջին տեղը գրավել է Ալեն Առստամյանը /հ.11 դպրոց/: Նա ամենաուժեղագույնն է ճանաչվել նաև 400մետր վազքատարածությունում: 400մ վազքատարածությունում աղջիկներից հաղթել է Ալեքսանդրա Գալինսկին /հ. 10-րդ դպրոց/:

Քաղաքային առաջնությունում 800մ վազքատարածությունում աղջիկներից առաջին տեղը զբաղեցրել է 11-րդ դպրոցի աշակերտուհի Անգելինա Ավագյանը, իսկ տղաների թիմից` Հայկ Հայրապետյանը /հ.8 դպրոց/: Հեռացատկի մրցույթում աղջիկներից առաջին տեղը դարձյալ զբաղեցրել է Անգելինա Ավագյանը: Տղաների թիմից հաղթող է ճանաչվել 11-րդ դպրոցի աշակերտ Արման Ասրյանը:

            Այսպիսով` առաջնությունում, ընդհանուր հաշվարկով, 1-ին տեղը գրավել է հ. 11 դպրոցի, 2-րդ տեղը` հ.8 դպրոցի և 3-րդ տեղը` հ.10 դպրոցի հավաքական թիմը:

            Գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանի խոսքով, <<մրցումներն անց են կացվել կազմակերպված, թեթև ատլետիկայի միջազգային նորներին համապատասխան>>: Պատահական չէ, որ մասնակիցները հիմնականում ցուցաբերել են լավագույն արդյունքներ:

            Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևի: Հանդիսավոր պայմաններում պարգևները մրցանակակիրներին է հանձնել փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն