ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2017-Ի ԲՅՈՒՋԵՆ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հունվարի 25-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` նոր տարվա առաջին նիստը:
Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև քաղաքային համայնքի 2017թ. բյուջեն ավագանու դատին է ներկայացրել քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:
Ըստ հաշվետվության, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ. տարեկան բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 1 մլրդ 680 մլն դրամ, ինչը կազմում է պլանավորված գումարի 99/1%-ը: Ընդհանուր մուտքերի 23.6%-ը կազմել են սեփական եկամուտները: Նախատեսված 409 մլն 762 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 396 մլն 498 հազ.դրամ /կատարողականը կազմել է 96.8%/: Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտներն աճել են 23 մլն 197 հազ.դրամով /դատական վճռի համաձայն` վճարման ենթակա 24 մլն 517 հազ.դրամ/:
Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 102 մլն 562 հազ.դրամ կամ նախատեսվածի 89.2%-ը: Նախորդ տարվա համեմատ մուտքերն աճել են 4 մլն 494 հազ.դրամով /շենքեր և շինությունների մասով` 12 մլն 543 հազ.դրամի չափով չվճարված գույքահարկի նյութերը գտնվում են դատարանում/: Հողի հարկից գանձվող մուտքերը կազմել են 10 մլն 729 հազ.դրամ, ինչը կազմում է պլանավորվածի 104.6%-ը: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 160 մլն 209 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է նախատեսված գումարի 105.4%: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է ավելի քան 32 մլն դրամ: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 60 մլն 306 հազ.դրամ, որը կազմում է նախատեսվածի 109.6%-ը:
Մ.Համբարձումյանի տեղեկացմամբ, համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 76.4%-ը կազմել են պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհները: 2016թ. տարեկան բյուջեի պլանավորված դոտացիայի և սուբվենցիայի գումարները կազմել են 1 մլրդ 285 մլն 697 հազ.դրամ /կատարողականը կազմել է 99/9%/: Նախորդ տարվա համեմատ հատկացված գումարը նվազել է 109 մլն 690 հազ..դրամի չափով:
Քաղաքային համայնքի 2016թ. տարեկան բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1 մլրդ 680 մլն 789 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորվածի 98.7%-ը: Համայնքի ենթակայության կազմակերպությունների գծով նախատեսված 1 մլրդ 133 մլն 766 հազ.դրամի դիմաց ֆինանսավորվել է 1 մլրդ 125 մլն 959 հազ.դրամ /պլանավորվածի 99.3%/:
Ելույթ ունենալով նիստում, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ չնայած ապրիլյան հայտնի դեպքերով պայմանավորված որոշ եկամուտների մասով նախատեսված հավաքագրման գումարները նվազել են, սակայն արվել է հնարավորը` դժվարությունները հաղթահարելու համար և վերջնական արդյունքում 23 մլն դրամի չափով եկամուտների աճ է ապահովվել: Նրա խոսքով, եթե մայրաքաղաքում գրանցված թվով 3 հազար ավտոմեքենաները տեխզննման ենթարկվեին և մեքենաների սեփականատերերը ժամանակին վճարեին պարտավորված հարկերը, եկամուտներն առավել շոշափելի կլինեին:
Ինչպես նիտում ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. բյուջեն եկամուտների գծով նախատեսվել է 1 մլրդ 790 մլն 448 հազ.դրամի, ծախսերի գծով` 1 մլրդ 797 մլն դրամի չափով: Այդ թվում` եկամուտների և ծախսերի գծով այն կազմում է 1 մլրդ 790 մլն 348 հազ.դրամ: Դեֆիցիտն ընդամենը կկազմի 6 մլն 569 հազ.դրամ:
2017թ. Ստեփանակերտ քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու մայրաքաղաքի բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, Ստեփանակերտ քաղաքի կառուցապատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը: Առաջնահերթությունների թվում կլինեն ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացումը, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, խաղահրապարակների շինարարությունը, ինչպես նաև հենապատերի և աստիճանների վերանորոգումն ու կառուցումը, քաղաքի ենթակառուցվածքների բարելավումը և զարգացումը, քաղաքի տարածքի համաչափ զարգացման ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգումը, ինչպես նաև բնակարանային-կոմունալ պայմանների բարելավումը, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը /բնակարանների վերանորոգումը/:
Համայնքի 2017թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1 մլրդ 790 մլն 448 հազ.դրամի չափով, ինչը 7.8 %-ով ավել է Ստեփանակերտ քաղաքի 2016թ. բյուջեի ծրագրված եկամուտներից:
Շինարարության բնագավառում շենքերի և շինությունների կառուցման նպատակով ծախսերը նախատեսվել են 166 մլն 569 հազ,դրամ, շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում` 804 մլն 641 հազ.դրամի չափով: Կոմունալ ծառայությունների բնագավառում ծախսերը կկազմեն 397 մլն 160 հազ.դրամ, որից շենքերի և կառույցների ընթացիկ նորոգմանն ու պահպանմանն է ուղղվել 160 մլն դրամ, իսկ արտաքին լուսավորմանը` 237 մլն դրամ:
Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին հաստատեց 2016թ. բյուջեի կատարման հաշվետվությունը և քաղաքային համայնքի 2017թ. բյուջեն:
Նիստում որոշումներ կայացվեցին նաև օրակարգում ներառված այլ հարցերի վերաբերյալ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն