ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ
Երևանի քաղաքապետաիանի պատվիրակության` Արցախ կատարած այցի երկրորդ օրը ևս հագեցած է եղել: Այն ուղեկցվել է մի շարք հանդիպումներով և ուշագրավ միջոցառումներով:
Կառավարությունում հյուրընկալելով Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներին, վարչապետ Արայիկ Հարությունյանը նույնպես բարձր է գնահատել ամենատարբեր ուղղություններում` Երևանի ու Ստեփանակերտի, Երևանի և Արցախի վարչական շրջանների միջև սկզբնավորված փոխգործակցությունը, որը հետզհետե խորանում, նոր ոլորտներ է ընդգրկում: Նա մասնավորապես հաջողված որակեց անցած ժամանակաշրջանում` Արցախի մայրաքաղաքում և շրջաններում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից իրականացված ծրագրերը, որոնք միտված են հանրապետության բնակավայրերի կենսական նշանակության խնդիրների լուծմանը, ավանդական դարձած բարեկամության ամրապնդմանը: <<Ապրիլյան պատերազմի դժնդակ օրերին Երևանի քաղաքապետարանն առաջիններից մեկն արձագանքեց կառավարության կոչին և նյութական մեծ աջակցություն ցուցաբերեց բանակին, դիրքապահ զինվորներին: Պաշտպանության բանակի հետ համագործակցությունը դրսևորվեց և հետագայում` ամենատարբեր ձևաչափերով, ինչը հայրենասիրության վառ օրինակ է>>, - նշեց Ա.Հարությունյանը:
Այնուհետև կառավարության ղեկավարը, կապերի ամրապնդման համագործակցության ծրագրերում ներդրած անձնական ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնեց խորհրդանշական նվեր` Արցախի զինանշանը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների մի խումբ պատասխանատուների պարգևատրեց վարչապետի հուշամեդալով:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության, գնահատանքի խոսքերի և պարգևների համար, Երևանի քաղաքապետն անդրադարձավ նախանշվող այն ծրագրերին, որոնք, իր կարծիքով, <<առավել շոշափելի կդարձնեն ձեռքբերումները` սոցիալ-տնտեսական ուղղություններում, կրթության և մշակույթի, սպորտի, տուրիզմի զարգացման ոլորտներում>>: Տ.Մարգարյանը ևս անակնկալ մատուցեց վարչապետ Ա.Հարությունյանին, նրան հանձնելով Երևանի զինանշանը: Նա միաժամանակ ակտիվ համագործակցության համար Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանին, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանին, կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանին և քաղաքապետի մամուլի քարտուղար Դավիթ Միքայելյանին պարգևատրեց Երևանի քաղաքապետարանի պատվոգրով:
Այցի շրջանակում, տարբեր ձևաչափերով, Երևանից ժամանած պատվիրակության անդամներն հանդիպումներ են ունեցել ստեփանակերտցի իրենց գործընկերների հետ, քննարկել և հստակեցրել են առաջիկա անելիքները: Ասել է թե` այցի երկրորդ օրվա ծրագիրը բավականաչափ հագեցած է եղել: Եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՊԲ հրամանատարի և մի խումբ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է զորամաս ու դիրքեր` տանելով քաղցրավենիքներ և մթերքներ, ծանոթացել զինվորական ծառայության պայմաններին, սահմաններում` անվտանգության ապահովող նոր սարքավորումներին, ապա քաղաքապետարանի մյուս պաշտոնյաները հյուրընկալվել են Ստեփանակերտի կրթամշակութային մի շարք օջախներում, բուժհաստատություններում, նախադպրոցական ու մարզական հիմնարկներում` նվիրաբերելով համակարգիչներ, հեռուստացույցներ, սպորտային գույք, կենցաղային պարագաներ, դեղորայք և այլն:
Փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն այցելել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոն և զրույց ունեցել կոլեկտիվի անդամների հետ, հետաքրքրվել ստեղծագործական անձնակազմին հուզող խնդիրներով, խոստացել` նպաստել Երևանում և Ստեփանակերտում հյուրախաղերի կազմակերպմանը: Հատկանշական է, որ նա ներկա է գտնվել կայանալիք նոր բեմադրության փորձերին: Փոխքաղաքապետի այցի հաջորդ կանգառը մայրաքաղաքի Կոմիտասի անվան երաժշտական նորակառույց դպրոցն էր, որտեղ կրթօջախի սաները համերգի ժամանակ հաճելի պահեր են նվիրել: Հետաքրքիր է անցել հանդիպումը նաև Մուրացանի անվան գրադարանի աշխատողների և ընթերցողների հետ, ուր պարոն Սուքիասյանը ներկայացել էր գրքերի և համակարգչի նվիրատվությամբ:
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ու նրան ուղեկցող անձանց ջերմորեն են ընդունել Ստեփանակերտի 4-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, որտեղ անկեղծ ու անկաշկանդ զրույց է կայացել կրթական համակարգում ընթացող բարեփոխումների շուրջ, ուսուցիչները հանդես են եկել առաջարկություններով, ներկայացրել իրենց տեսակետները: Վարչության պետը` ստեփանակերտցի գործընկերոջ` Կառլեն Մարգարյանի հետ հյուրընկալվել է նաև քաղաքի մի շարք նախադպրոցական հիմնարկներում, հետաքրքրվել երեխաների կենցաղային և ուսուցման պայմաններով, պատրաստակամություն հայտնել համագործակցության շրջանակում նպաստել մտահոգիչ խնդիրների լուծմանը:
Երևանից ժամանած պատվիրակության տեսադաշտից դուրս չի մնացել կենսաապահովման և ոչ մի ոլորտ: Եթե քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը` ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, ապա սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը հովանավորի իր առաքելությունն իրականացրել է Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցում: Քաղաքապետարանի սոցապահովության բաժնի պետ Ռուզան Զաքարյանն էլ ստեփանակերտցի իր գործընկերոջ` Իվետա Դանիելյանի հետ հանդիպել է զոհված ազատամարտիկների ընտանիքներին, նրանց նվիրաբերել կենցաղային սարքավորումներ ու խոհանոցային պարագաներ: Երևանի վարչական շրջանների ղեկավարները նույնպես արդյունավետ են անցկացրել օրը: Մեկնելով գործընկեր-վարչական շրջաններ, նրանք հանրագումարել են համագործակցության արդյունքները և քննարկել 2017-ին նախատեսվող ծրագրերը:
Հերթական այցը Ստեփանակերտ ևս մեկ անգամ ապացուցեց այն իրողությունը, որ Հայաստանն ու Արցախը պորտալարերով են կապված իրար, և ոչ մի ուժ ի զորու չէ սասանել Երևանի ու Ստեփանակերտի միջև ցեմենտված կամուրջները…
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն