ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵԼ Է ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆ

13.01.2017

Հունվարի 13-ին ստեփանակերտցիները տոնական բարձր տրամադրությամբ են նշել ավանդական Հին ու Նոր տարին:

Համաքաղաքային միջոցառումը, որ կազմակերպվել էր Վերածննդի հրապարակում տեղադրված Հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ, վերածվել էր իսկական տոնախմբության, ուղեկցվել համերգային հագեցած ծրագրով:

Միջոցառմանը երգելու և պարելու, ասմունքելու, բարեմաղթանքներ հղելու հնարավորություն են ունեցել ինչպես Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի անդամները, այնպես էլ հանրակրթական դպրոցների սովորողները: Ներկաների վրա առանձնակի տպավորություն են թողել մանկահասակ երեխաների ելույթները, որոնք արժանացել են Ձմեռ պապի քաջալերանքին և օրհնությանը:

Գրեթե երկու ժամ տևած համերգի ժամանակ հրապարակը թնդում էր ուրախությունից: Իզուր չի ասված. <<Ինչպիսի տրամադրությամբ դիմավորես Նոր տարին, այնպիսի տրամադրությամբ էլ այն կուղեկցի քեզ մինչև տարեվերջ>>:

Հին ու Նոր տարվա եզրափակիչ միջոցառմանը ներկա էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն  Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն