ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

01.11.2016

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ` ՆԱԵՎ 2017-Ի ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾՆ է

 

Ընդամենը երկու ամիս է մնացել տարվա եզրափակմանը: Ինչ են հուշում անցած ժամանակաշրջանի արդյունքները և ինչպիսի քայլեր են ձեռնարկվում նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Այսօր պիտի ձևավորվի 2017-ի բյուջեն` բոլոր ուղղություններով, ըստ ոլորտների հիմնավորվեն ծախսերը, հստակեցվեն անելիքները և մասնավորապես` կապիտալ շինարարության մասով նախանշվեն ծրագրերը: Հարցերի նման շրջանակ էր ներառված նոյեմբերի 1-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցության օրակարգում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին նաև Ստեփանակերտի մի շարք կազմակերպությունների և կառույցների ղեկավարներ:

Հանդիպմանն արծարծվող խնդիրների շարքում անդրադարձ եղավ <<Ձմեռ>> ծրագրին, մայրաքաղաքի կենսաապահովմանն առնչվող հարցերին /ջրամատակարարում և ջրահեռացում, փողոցների, բակերի բարեկարգում և լուսավորում, ջեռուցման համակարգում և այլն/: Քաղաքապետը, առաջնահերթության կարգով, ներկաների ուշադրությունը հրավիրեց բնակչության կողմից բարձրացված հարցերի կանոնակարգմանն ու կարևորեց դրանց արագ լուծման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությունում քննարկումների գլխավոր թեման 2017-ի` նոր ձևավորվող բյուջեն էր /նախագիծը/ և, բնականաբար, չշրջանցվեցին կապիտալ շինարարության գծով կանխատեսվող ծրագրերը, եկամուտների և ծախսերի մասով` գալիք տարվա առաջնահերթությունները:

Ամանորին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և տոնական միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, քաղաքապետ Ս.Գրիգորյանը խորհրդակցության մասնակիցներին մի շարք հանձնարարականներ տվեց:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն