Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկումների շարքում կարելի է դիտարկել ռեժիսոր Խաչիկ Եղոյանի <<100 դուռ>> ծրագիրը, որը գործընկերոջ` լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի և մյուս գաղափարակիցների հետ իրագործվել է` 2012 թվականից, շրջելով Արևմտյան Հայաստանի և Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ջավախքի բնակավայրերում, լուսանկարել եկեղեցու 100 դուռ:
Ստեփանակերտի պատկերասրահում, մինչև ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, կազմակերպիչներն այցելուներին խորհրդանշական քարտեր էին բաժանում: Ու, երբ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքերից հետո հայկական զարդաքանդակների պատկերներով քարտերը պատկերասրահի մուտքի մոտ տեղադրվեցին ընդարձակ ցուցատախտակի վրա, պարզ դարձավ, որ արդյունքում ամբողջացել է Սուրբ Մշո Առաքելոց եկեղեցու դռան /մուտքի/ պատկերը: Բացառիկ մի մասունք, որ փրկվեց 1915թ. շնորհիվ մազապուրծ հայերի, հասցվեց Երևան և այսօր, որպես ցեղասպանության խորհրդանիշ, պահվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Այցելուներին մի պահ տեղափոխելով հայկական` թվով 100 եկեղեցիների դռների մոտ, ծրագրի հեղինակները յուրահատուկ ուխտագնացություն կատարելու հնարավորություն են ընձեռնում , հոգևոր ուժ հաղորդում նրանց` ներս մտնել և աղոթել նահատակների հոգու հանգստության համար, որպեսզի Աստված ամոքի ցեղասպանության ու պատերազմի վերքերը: Միևնույն ժամանակ Խ.Եղոյանը համոզված է, թե որքան էլ որ անցնեն ժամանակները, նախագծի լուսանկարները հուշելու են հայոց բաց վերքի մասին: <<Այդ վերքերը կամոքվեն>>, եթե սերունդներին հաջողվի Մշո Առաքելոց դուռը տեղափոխել պատմական Հայաստան ու տեղադրել վերակառուցված եկեղեցու դռնախորշում>>…
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն