Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի մասնագիտական տոնը նշվել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտում:
Մշակույթի և երիտասարդության պալատում հիշարժան տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որ կազմակերպվել էր ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի, մշակույթի և երիտասարդության նախարարությունների համագործակցությամբ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական մյուս այրերի հետ ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Տոնի առիթով հանրապետության ուսուցիչներին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Բակո Սահակյանը: Հանդիսավոր միջոցառմանը գործընկերներին գերատեսչության և անձամբ իր անունից շնորհավորել է նաև կրթության. գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
Երեկոյին կայացած համերգին ինքնատիպ ծրագրով ներկայացել և ուսուցիչներին ողջունել է Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշիյանի անվան ֆիլարմոնիայի էստրադային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանի գլխավորությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն