ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԸ

24.09.2016

Արժեքների և ավանդույթների պահպանումը` հուսալի ձեռքերում

 

Սեպտեմբերի 24-ին Արցախի մայրաքաղաքում տոն էր, համաժողովրդական տոնախմբություն: Ստեփանակերտցիները հերթական անգամ նշեցին սիրելի քաղաքի օրը: Առավոտից քաղաքի զինանշանով ու դրոշներով, գույնզգույն փուչիկներով զարդարված ավտոմեքենաները ուրախ երաժշտության ուղեկցությամբ հայտնվելով փողոցներում` քաղաքապետարանի անունից ծաղիկներ և հուշանվերներ էին բաժանում անցորդներին` Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, շռայլորեն շնորհավորանքներ հղում:

Տոնակատարության մասնակիցների թվում դժվար չէր նկատել տարեցներին, ովքեր Ստեփանակերտի հասակակիցն են: Նրանք Ս.Շահումյանի անվան պուրակ էին շտապում ըմբոշխնելու օրվա տոնական միջոցառումների հագեցած ծրագիրը, ուրախանալու և հպարտանալու հարազատ ծննդավայրի ձեռքբերումներով, սերնդակիցների, երիտասարդների, հետ կիսելու քաղաքի ծննդյան հետ կապված վաղեմի հիշողությունները: Նրանց շարքերում են և պատվավոր քաղաքացու կոչման արժանացած ստեփանակերտցիներ, որոնք հարգանք ու հեղինակություն են վայելում Արցախում, և իրենց արժանի ներդրումն ունեն քաղաքի կառուցման ու նրա դիմանկարի կերտման, երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Այսօր նրանք վստահությամբ հերթափոխը հանձնում են երիտասարդ սերնդին` համոզված լինելով, որ ավանդույթների և արժեքների պահպանումը գտնվում է հուսալի ձեռքերում…

Հանդիսավոր արարողության մեկնարկը տրվեց Ս.Շահումյանի անունը կրող օղակաձև պուրակում, ուր քաղաքապետարանի մշակույթի տան փողային նվագախումբն էր զվարթ, տոնական երաժշտություն հնչեցնում:

Ժամը 11-ին ԼՂՀ խորհրդարանի նաշագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամները` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ, որպես հարգանքի տուրք, ծաղիկներ են խոնարհում Ստեփան Շահումյանի հուշարձանին, խնկարկում նրա պայծառ հիշատակը:

Պուրակի համապատասխան տարածքներում սեփանակերտցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին էին ներկայացվել Արցախի նկարիչների, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Շուշի Ա.Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի և մայրաքաղաքի դպրոցի սաների ստեղծագործությունները: Կազմակերպվել էր նաև արցախյան հին գորգերի և կարպետների, հուշանվերների ցուցահանդես-վաճառք: Եվ, բնականաբար, ներկայացվող գործերն այնքան գայթակղիչ էին, ուշագրավ, որ տոնակատարության մասնակիցները դատարկաձեռն տուն չգնացին: Անգամ Երևանի քաղաքապետն անտարբեր չկարողացավ անցնել ցուցադրվող հուշանվերների կողքով և գնումներ կատարեց` նախընտրելով Շուշիի հումանիտար քոլեջի սաների պատրաստած արվեստի գործերը:

Մայրաքաղաքի զինանշանով խորհրդանշական շապիկներ հագած երիտասարդների մի մեծ խումբ միասնական շուրջպար էր բռնել պուրակի <<երգող>> շատրվանների հարևանությամբ հրապարակում` մասնակից դարձնելով պարի սիրահարներին… Իսկ <<Վերածննդի>> հրապարակում` մարզամշակութային միջոցառումների համալիր ծրագիր էր իրականացվում` շարժվելով ներկաների հետաքրքրությունը: Այստեղ համարձակ իրենց ուժերն էին չափում շախմատի, ծանրաձողի մարզաձևի սիրահարները, պատանի ձյուդոիտսներն ու բռնցքամարտիկները: Նրանց կողքին կրակոտ ու աշխույժ հանդես էին բացել ազգային ավանդական խաղերի երկրպագուները` ցուցադրելով իրենց ուժն ու ճարպկությունը: Տոնական օրվա խորհուրդը հյութեղ էր, ներդաշնակ: Ասֆալտի վրա փոքրիկները ներկայացրել էին իրենց պատկերացումներն ու  երևակայությունները` Արցախ աշխարհի, մայրաքաղաք Ստեփանակերտի նկատմամբ` միահյուսելով աշնան թավշյա գույներն ու բույրերը…

Քաղաքապետարանը, նպատակ ունենալով ընդլայնել միջոցառումների շրջանակները, համերգներ և մարզական մրցումներ էր կազմակերպել նաև ծայրամասային թաղամասերում, մասնավորապես` Աջափնյակում, փորձելով ավանդական տոնին մասնակից անել առավել մեծ թվով ստեփանակերտցիների: Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև հասարակական կազմակերպություններն ու կառույցները: Քաղաքապետարանի անունից, ծաղիկների հետ արժեքավոր նվերներ են բաժանվել այն փոքրիկների մայրերին, որոնց ծնունդը համընկել է Ստեփանակերտի օրվան: Հիշարժան տոնին չեն անտեսվել և նորապսակ զույգերը` ստանալով նվերներ և բարեմաղթանքներ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը խորհրդանշական նվերներով էր ներկայացել տոնական միջոցառումներին: Քաղաքի օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` <<Մենք ենք, մեր սարերը>> հուշահամալիրի մոտ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հանձնեց Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի սաների հերթական, թվով` 7 տուֆակերտ հարթաքանդակները, որոնք տեղ կգտնեն մայրաքաղաքի տեսարժան վայրերում` առավել գողտրիկ և հրապուրիչ դարձնելով շրջապատը:

Տոնական միջոցառումների շրջանակներում, որին ներկա էին քաղաքապետներ Տ.Մարգարյանն ու Ս.Գրիգորյանը, Ստեփանակերտի հ. 6 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում կայացավ <<Սանդա-ուշու>> մարզաձի բաց առաջնություն: Մրցութին մասնակցում էր նաև Երևանի հավաքական թիմը: Քաղաքի օրվա առթիվ, ողջյունի խոսքով դիմելով ներկաներին, Սուրեն Գրիգորյանը նշեց, թե հիշյալ մարզաձևը հանրապետությունում տարեցտարի լայն մասսայականություն է վայելում: Այդ մասին է վկայում այն իրողությունը, որ <<Սանդա-ուշուի>> գծով Արցախն ունի ինչպես աշխարհի, այնպես էլ` Եվրոպայի չեմպիոններ, ինչը մարզիկների և մարզիչների համատեղ, տքնաջան աշխատանքի, տոկունության և անկոտրում կամքի արդյունք է:

Քաղաքի օրվան նվիրված հանդիսությունները եզրափակվել են մշակույթի և երիտասարդության պալատում կայացած տոնական համերգով և Ստեփանակերտի մասին պատրաստված փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ համերգից առաջ առաջին անգամ հնչեցվել է Ստեփանակերտի օրհներգը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն