Բարերարի հերթական նվերը` Ստեփանակերտին
Հայազգի բարերար, <<Տաշիր>> ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նվիրատվությամբ ևս մի գողտրիկ, գեղագիտական ու ճարտարապետական ուշագրավ լուծումներով անկյուն ավելացավ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Պուրակի հանդիսավոր բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար անձիք, քաղաքի հասարակության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից, արտերկրից, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունից:
Արարողությանը ներկա էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Շուրջ 7 հազար քառ.մետր է կազմում հանրապետական բժշկական կենտրոնին հարող այն տարածքը, ուր մեկ տարի առաջ մեկնարկած բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն հասցվել են ավարտին` հաճելի տեսք հաղորդելով նորածնունդ պուրակին:
Անցորդների ուշադրությունից չեն վրիպում ասֆալտապատ, կոկիկ ճանապարհներն ու սալիկապատ մայթերը, փոքրիկ շատրվաններով ջրավազաններն ու ցայտաղբյուրները, բուրումնավետ, ծաղկուն սիզամարգերը և մշտադալար նորատունկ ծառերը: Ասել է թե` ամեն ինչ ճաշակով, ներդաշնակությամբ է արվել: Իսկ հիվանդանոցի մուտքի մոտ տեղադրված մարմարակերտ ճերմակ քանդակը, որ հեղինակել է տաղանդավոր քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը, խորհրդանշում է հայկական ավանդական, նորաբողբոջ օջախը սկզբնավորող երիտասարդ ամուսիններին` օրհնանքի խոսքերով…
Սպասված նվերի համար բարերար Ս.Կարապետյանին ու շինարարներին իրենց ելույթներում երախտիքի խոսքեր ուղղեցին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժ, ուրոլոգ Գեորգի Միրզոյանը: Պուրակի օրհնության կարգը կատարեց Արցախի հոգևոր թեմի փոխառաջնորդ, Սահակ վարդապետ Շաքարյանը: Ելույթներն ընդմիջվում էին Ստեփանակերտի պարարվեստի ուսումնարանի և մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի սաների ելույթներով:
Շնորհավորելով ներկաներին` Հայաստանի և Արցախի հանրապետությունների հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, բարերար Սամվել Կարապետյանը խոստացավ այսուհետ ևս գտնվել արցախցիների կողքին և ամենատարբեր ուղղություններում մշտական աջակցություն ցուցաբերել:
Ճարտարապետ, Վլադիմիր Սարգսյանի հավաստմամբ, միայն կանաչապատ տարածքներն այստեղ 2.500 մետրի կհասցվեն: Ընդ որում, բարեկարգման աշխատանքները, որ իրականացվել են <<Արդշինկոմբինատ-1>> և <<Քարավան>> ընկերությունների շինարարների կողմից, բժշկական կենտրոնի տարածքով չեն սահմանափակվի: Ըստ նախագծի, կառուցապատման շրջանակում են գտնվում նաև հիվանդանոցին հարող ճանապարհներն ու հրապարակները: Նախկինում շահագործված շենք-շինությունները, որոնք վերջնական, ճարտարապետական տեսքի կբերվեն և ավելի կամբողջացնեն համալիրը: Հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ է ծրագրվում կառուցել նաև ապագա բժշկական քոլեջի նոր շենքը:
Հանդիսավոր արարողության ավարտին ևս մի խորհրդանշական առաքելություն կատարվեց: Հանրապետական հիվանդանոցին հարող տարածքում, նախագահ Բակո Սահակյանն ու բարերար Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի երկարակեցությունն ու իմաստությունը խորհրդանշող սոսենիներ տնկեցին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն