Ինչպես տեղեկացրել ենք, <<Դեպի Արցախ>> երկրապահական ավանդական ուխտագնացության շրջանակներում հանրապետությունում է գտնվում ՀՀ <<Երկրապահ>> կամավորականների միության ներկայացուցչական պատվիրակությունը` կառույցի նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Օգոստոսի 23-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է պատվիրակության մի խումբ անդամների` վարչության անդամ, Կոտայքի փոխմարզպետ Համլետ Հայրապետյանի ղեկավարությամբ: Ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով <<Երկրապահ>> կամավորականների առաքելությունը /ամենամյա, ավանդական ուխտագնացությունը/, Ս.Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ձեռնարկումն, անշուշտ, կնպաստի երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, արցախյան գոյամարտում նահատակված հայորդիների հիշատակի հավերժացմանը: Քաղաքապետարանի անունից շնորհակալություն հայտնելով միությանը և անձամբ նրա նախագահ Մ.Գրիգորյանին` գիտելիքի օրվա և նոր ուսումնականի նախաշեմին` առաջին դասարան հաճախող փոքրիկներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրաբերելու համար, Սուրեն Գրիգորյանը, հատկապես բարոյահոգեբանական առումով, կարևորեց նման ուշադիր վերաբերմունքը երեխաների նկատմամբ, հավատացած լինելով, որ նրանք կոգևորվեն և ավելի լավ կսովորեն:
Պատվիրակության ղեկավար Համլետ Հայրապետյանն իր հերթին շնորհակալական խոսքեր ուղղեց քաղաքապետին` ջերմ ընդունելության համար` ընդգծելով, թե նման շփումներն ու հանդիպումներն ավելի են մերձեցնում միմյանց, դրական լիցքեր հաղորդում, նպաստում համագործակցության և բարեկամության սերտացմանը:
Հանդիպմանը ներկա էր նաև առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
Հավելենք, որ ՀՀ <<Երկրապահ>> կամավորական միության պատվիրակության /ուխտագնացության/ մասնակիցները` գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ նույն օրն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հուշակոթողին` հարգելով զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն