ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

15.07.2016

Ձևավորվել են գործընկերային սերտ հարաբերություններ

 

 Աշխատանքային եռօրյա այցով Արցախում է գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են քաղաքապետարանի պատասխանատուներ, վարչական շրջանների ղեկավարներ, Երևան քաղաքի ավագանու անդամներ, մայրաքաղաքի մի շարք ընկերությունների տնօրեններ ու բուժհաստատությունների ղեկավարներ:

 Երևանից ժամանած հյուրերը երեկ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ առավոտյան այցելել են Հուշահամալիր և պատվիրակության անունից ծաղկեպսակ տեղադրել` մեկ րոպե լռությամբ հարգելով Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակը: Նրանք ծաղիկներ են խոնարհել նաև Հուշահամալիրին հարող տարածքի գերեզմանոցում ննջացող  հայորդիների շիրիմներին:

 Պատվիրակության  անդամների աշխատանքային հագեցած առօրյան հնարավորություն է ընձեռնել և պաշտոնական արարողությունների մասնակիցը լինել, և հաղորդակցվել  ստեփանակերտցի գործընկերների  հետ, և շրջայց կատարել Արցախի մայրաքաղաքում, ծանոթանալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցութամբ` Ստեփանակերտի Ազատամարտիկների այգու կառուցապատման աշխատանքներին, հանդիպում ունենալ Ստեփանակերտի քաղաքապետարանում, հյուրընկալվել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և, ինչպես ասում են, <<առաջին ձեռքից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները>>:

 Մեկ տարի առաջ էր, երբ Արցախի կատարած հերթական այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստանձնեց Ստեփանակերտի  Ազատամարտիկների այգու  շինարարության ու բարեկարգման հովանավորությունը: Նախագծման աշխատանքներին անմիջապես հետևել են հողային աշխատանքներն ու ներկայումս տարածքում ուրվագծվում են նախատեսված այն առաջին շինությունները, որոնց հիմքերն արդեն դրվել են ու մոնտաժման գործընթացն է առաջ տարվում: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և պաշտպանության փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելելով շինհարթակ, Տարոն Մարգարյանը հետաքրքրվեց իրականացվող ծրագրերով և փորձեց ճշգրտել առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների ընթացքը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանը հյուրերին ծանոթացրեց նախատեսվող կառույցների և շինությունների այն ցանկին, որոնց տեղակայմամբ ամբողջանալու է Ազատամարտիկների այգին:

 Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ջերմորեն ողջունելով հյուրերին, արգասաբեր է որակեց երկու քաղաքների միջև սկզբնավորված համագործակցությունը, համոզմունք հայտնելով, որ հերթական այցն էլ ավելի կամրապնդի Երևանի ու Ստեփանակերտի բարեկամությունը:

 <<2012թ. սեպտեմբերին` երկու մայրաքաղաքների քաղաքապետների կողմից ստորագրված համաձայնագիրը հիմք հանդիսացավ բոլոր ուղղություններով զարգացնելու համագործակցությունը և ստեղծելու գործընկերային սերտ հարաբերություններ>>, - նշեց Ս.Գրիգորյանը` հավելելով, թե եռամյա ծրագրի  շրջանակներում Երևանի քաղաքապետարանն ակտիվ աջակցություն է ցուցաբերել քաղաքային տնտեսությանը` կառավարման ոլորտում, իր հարուստ փորձն է հաղորդել Ստեփանակերտի քաղաքապետարանի ստորաբաժանումներին`գործառույթների կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, եկամուտների հաշվառման և հավաքագրման, հարկային դաշտի ուսումնասիրման և այլ բնագավառներում: Փոխգործակցության ծրագրի շրջանակներում ներառված հարցերը մշտապես գտնվել են աշխատանքային  խմբերի վերահսկողության   ներքո և առաջնահերթության կարգով ընթացքավորվել:

 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես գոհունակությամբ խոսեց հայկական երկու մայրաքաղաքների միջև հետզհետե խորացող համագործակցության մասին, ինչն ամենատարբեր ուղղություններում` <<միասնական թիմերի կողմից հետևողականորեն իրականացվող  աշխատանքի արդյունք է>>: Ակնկալելով առավել ակտիվ փոխգործակցություն, նա հավաստիացրեց, որ իր գլխավորած քաղաքապետարանի անձնակազմը` վարչական շրջանների պատասխանատուների հետ մեկտեղ բոլոր ջանքերը կգործադրի անցյալ տարվա աշնանը` <<Երևանի ու Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև` 2015-2020թթ. համագործակցության և բարեկամության վերաբերյալ>> ստորագրված համաձայնագիրը  /ծրագրի հետ մեկտեղ/ կյանքի կոչելու համար:

 Երկու քաղաքապետարաններն իրենց պատրաստակամությունը հայտնեցին անձնապես նպաստել Արցախում զբոսաշրջության աշխուժացմանն ու զրգացմանը` պայմանավորվելով այդ կապակցությամբ քննարկումներ անցկացնել ու ներկայացնել առաջարկություններ:

 Հանդիպման ավարտին Տարոն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը հուշանվերներ փոխանակեցին:

 Ապա հայտնի դարձավ, որ <<ավանդույթը չի խախտվել>> ու այս անգամ ևս երևանցիները <<նպատակային>> աջակցություն են Ստեփանակերտ բերել` նվերների տեսքով` 1 ջրցան մեքենա, խոտհնձիչ 10 ագրեգատներ, կանաչ տարածքները մշակող փոքրածավալ տրակտոր, համակարգիչներ և այլն: Ակնկալիքներ էին պատրաստվել նաև փոքրիկների համար: Եթե մայրաքաղաքի հ. 2 մանկապարտեզին պատճենահանման սարք, հուշանվերներ, խաղալիքներ նվիրաբերվեցին, ապա նորակառույց հ. 6 մանկապարտեզի սաները` երաժշտական կենտրոն և խաղալիքներ ստացան:

 Պատվիրակության ընդլայնված կազմի մասնակցությամբ Երևանի ու Արցախի քաղաքների և շրջանների համագործակցության արդյունքները` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, ամփոփվել են ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում հրավիրված համատեղ նիստում:

 Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման ձևաչափով կառավարությունում քննարկումներ անցկացնելու համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք հայտնեց, թե ձեռնարկած հանդիպումը ևս կնպաստի համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Նա կարծիք հայտնեց, որ անցած տարիներին Երևանի ու Ստեփանակերտի միջև սկիզբ առած բարեկամությունը, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների` ԼՂՀ բոլոր շրջանների ու քաղաքների միջև  հաստատված համագործակցությունը իրոք տվել է սպասված պտուղները: Նա առաջարկեց <<օգնություններից և աջակցություններից>> անցնել կոնկրետ աշխատանքների, Արցախի շրջանների ղեկավարների հետ համատեղ ծրագրեր մշակել և ձեռնամուխ լինել համայնքների զարգացմանը:

 Իր ելույթում Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, թե փոխգործակցությունը չի սահմանափակվում երկու քաղաքապետարանների պատասխանատուների փոխայցելություններով և Ստեփանակերտի հետ ամուր կապեր են հաստատել նաև Երևանի վարչական բոլոր 12 շրջանները: << Միայն այն փաստը, որ 2012-2016թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից տարբեր մակարդակներով շուրջ 140 պատվիրակություններ են այցելել Ստեփանակերտ և, Արցախի մայրաքաղաքից 96 պատվիրակություններ և աշխատանքային խմբեր են հյուրընկալվել Երևանում, վկայում է կողմերի միջև հաստատված գործընկերային սերտ հարաբերությունների և արդյունավետ, կայուն փոխգործակցության մասին>>,- ասաց նա:

 

 Տարեցտարի ընդլայնվում են սոցիալական, կրթամշակութային, զբոսաշրջության և մարզական ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի   քաղաքապետարանի համապատասխան կառույցների պատասխանատուների հետ հաճախ են Ստեփանակերտ այցելում տարբեր բուժհաստատությունների, կրթական համակարգի, մշակույթի, սպորտի և տուրիզմի  ոլորտի ներկայացուցիչներ, իրենց աջակցությունը ցուցաբերում արցախցի գործընկերներին: Մասնավորապես անգնահատելի է <<Նորք Մարաշ>> բժշկական կենտրոնի, Երևանի Շտապօգնության ընկերության և առողջապահական մյուս հիմնարկների մասնագետների կողմից իրականացվող  առաքելությունը, որոնք պարբերաբար այցելելով Արցախ, անհրաժեշտ հետազոտություններ և խորհրդատվություն են անցկացնում, անվճար բուժօգնություն ցույց տալիս հիվանդներին: Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև սոցիալական ծրագրերի շրջանակում Ստեփանակերտ քաղաքից` զոհված և վիրավոր ազատամարտիկների ու սոցիալապես անապահով ընտանիքներին   տրամադրվող    օժանդակությունը, ինչը նյութականից բացի նաև բարոյական նշանակություն ունի:

 Ստեփանակերտի քաղաքապետարանին և նրա ենթակայության տակ գտնվող կառույցներին ու հիմնարկներին, կրթօջախներին հաճախ են օգնություն  ցուցաբերում Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանները` նպաստում կենսական նշանակության խնդիրների լուծմանը: Անցած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտին են նվիրաբերվել ջրցան մեքենա, գեղարվեստորեն ձևավորված նստարաններ և աղբամաններ, տեղեկատվական շտեմարան` ծրագրով համալրված ժամանակակից համակարգիչներ: Երևանի վարչական շրջաններն իրենց հերթին նախադպրոցական հիմնարկներին են նվիրել խոտհնձիչ ագրեգատներ, երաժշտական կենտրոններ, համակարգիչներ,     ննջարանային պարագաներ, գույք և այլն: Ստեփանակերտցիների ուշադրությունից չեն կարող վրիպել Երևանի Վ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի սաների կողմից քանդակված տուֆակերտ արձանիկները, որոնք տեղադրվել են մայրաքաղաքի գողտրիկ անկյուններում ու առանձնակի շուք են հաղորդում շրջապատին, շարժում անցորդների հետաքրքրությունը:

  <<Որպես երկու մայրաքաղաքների միջև կապերի ամրապնդման և անկաշկանդ հաղորդակցման միջոց կարելի է համարել մշակութային և մարզական միջոցառումների համատեղումն ու արշավների կազմակերպումը, որոնք թույլ են տալիս ավելի հաճախակի դարձնել շփումներն ու լավ ճանաչել միմյանց, ամառային հանգիստն անցկացնել Արցախում>>,- ելույթում ընդգծեց Սուրեն Գրիգորյանը:

 Նրա խոսքով, երկու քաղաքապետարանների համագործակցության արդյունքում է ծնունդ առել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում` <<Ազատամարտիկների այգու>> հիմնադրման և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ մտահղացումը: Ս. Գրիգորյանը գոհունակությամբ նշեց, որ այսօր նախանշված ծրագրերն հաջողությամբ կյանքի են կոչվում: Հատկանշական է և այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանն առաջիններից մեկն է արձագանքել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Արցախին աջակցություն ցուցաբերելու կոչին` Ստեփանակերտ ուղարկելով ավելի քան 100 տոննա  առաջին անհրաժեշտության ամենատարբեր տեսակի մթերքներ:

 Ստեփանակերտի քաղաքապետի համոզմամբ, երկու մայրաքաղաքների բարեկամության հետագա ամրապնդմանն ու խորացմանը նոր լիցք կհաղորդի քաղաքապետարանների միջև անցյալ տարվա աշնանը Երևանում ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը, ինչը նոր  հեռանկարներ է խոստանում: Նիստում երախտագիտություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին ու անձամբ Տարոն Մարգարյանին` անցած տարիներին ձևավորված գործընկերային սերտ ու բարեկամական հարաբերությունների համար, Ս.Գրիգորյանը վստահեցրեց, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի կողմից այսուհետ ևս ամեն ինչ կարվի այդ արժեքները պահպանելու և սերունդներին փոխանցելու համար:

  Նիստում անցած ժամանակահատվածում Արցախի շրջաններում ու քաղաքներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես եկան Երևանի վարչական բոլոր 12 շրջանների ղեկավարները:

   Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչապետ Արայիկ Հարությունյանին հանձնեց Երևանի խորհրդանշական զինանշանը, իսկ կառավարության ղեկավարը քաղաքապետին Արցախյան գորգ նվիրեց:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն