Սիրելի շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ վերջին զանգի կապակցությամբ, որը հնչում է որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող ղողանջ:
Բնական է այն հուզմունքը, որ այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախներին, ձեր սիրելի ուսուցիչներին: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ խորհուրդ ևս: Այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողություններն ի սպաս դնելու մեր երիտասարդ, անկախ երկրի շենացմանն ու բարգավազմանը, մեր ստեղծարար, հերոսական ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը:
Հատկանշական է, որ հրաժեշտի արարողությունը սովորականից հուզառատ է, չափավոր և համեստ: Ապրիլյան պատերազմն իր դրոշմն է թողել նաև դպրոցականների, ուսուցիչների և ծնողների հոգեվիճակի վրա: Դիրքապահ զինվորներից ոմանք` հանդիսանալով կրթօջախի նախկին սանը, հերոսաբար նահատակվել են ռազմագործողությունների ժամանակ` համալրելով անմահների շարքը: Կասկած չկա, որ դաստիարակվելով հայրենասիրության ոգով, ձեզնից յուրաքանչյուրը, անհրաժեշտության դեպքում, կանգնելու է դիրքապահների կողքին ու շարունակելու է նրանց սխրանքն ու քաջությունը, անմնացորդ նվիրվելու է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Սիրելի շրջանավարտներ
Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Ու ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների, հաստատուն, վստահ քայլերով, դպրոցում ձեռք բերած գիտելիքները կարողանաք կատարելագործել, հետզհետե ավելի ամրապնդել և դուրս գալ նոր ուղեծիր:
Ուսումնառության մի նոր փուլ է սկսվում ձեզ համար: Ոմանք կանգնած են ուսումն ավագ դպրոցներում կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում շարունակելու այսօր պահանջված որևէ արհեստ սովորելու ընտրության առաջ: Մյուսները հրաժեշտ են տալիս կրթօջախին` բուհերում քննության բռնելու և ուսանողի կարգավիճակ ստանալու ակնկալիքով: Ինչպիսի մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեր յուրաքանչյուր քայլին հետևում են ձեր ծնողներն ու ուսուցիչները և պարտավորված եք անպայմանորեն արդարացնել նրանց ակնկալիքները:
Սիրելի շրջանավարտներ
Վերջին զանգի առիթով մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նոր ձեռքբերումներ` առօրյա կյանքում, ուսման մեջ, նախընտրած բնագավառում:
Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկությունները:
Բարի երթ, դեպի մեծ կյանք:
ք.Ստեփանակերտ
27-ին մայիսի, 2016թ.