ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ է էՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

26.05.2016

 Մայիսի 26-ին, համագործակցության ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությանը` համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Իննա Դավթյանի գլխավորությամբ:

 Քաղաքապետ Ս.Գրիգորյանը ողջունելով հյուրերին, փոխգործակցության շրջանակների ընդլայնման տեսանկյունից կարևորել է նման այցելությունների նշանակությունը և վստահություն հայտնել, որ հաճախակի հանդիպումները կնպաստեն գործընկերային հարաբերությունների սերտացմանը և ամենատարբեր ոլորտներում` աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: Պատվիրակության այցը` հանրակրթական դպրոցներում հնչեցվող Վերջին զանգի նախաշեմին համարելով խորհրդանշական, քաղաքապետն իր և աշխատակազմի ողջ անձնակազմի անունից շնորհավորեց Երևանի ու մասնավորապես` Էրեբունի վարչական շրջանի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին, մաղթելով կանաչ ճանապարհ, նորանոր ձեռքբերումներ` առօրյա կյանքում և ուսման մեջ, նախընտրած բնագավառում:

 Գոհունակություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Էրեբունի վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Ի.Դավթյանը հավաստիացրեց, որ իր գլխավորած կառույցը այսուհետ ևս ակտիվորեն կհամագործակցի ստեփանակերտցի գործընկերների հետ, համատեղ քայլեր կձեռնարկվեն կրթական ամենատարբեր ծրագրերի իրագործման և փորձի փոխանակման ուղղությամբ:

 Հանդիպմանը ներկա էին առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

 Նույն օրը հյուրերն այցելել են Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց և մայրաքաղաքի հ. 6 մանկապարտեզ ու նվերներ հանձնել երեխաներին:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն