ՈՎՔԵՐ ԵՆ ՄԿՐՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԵՐԸ
Ապրիլի 22-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքն անդրադարձել էր Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի նոր նախաձեռնությանը: Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, վարչական շրջանի ղեկավարությունը նախատեսել էր Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մկրտել սոցիալապես անապահով, արցախյան պատերազմի մասնակից-վետերանների, սոցիալական այլ խմբերի պատկանող ընտանիքների` թվով 101 երեխաների: Վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հրավերով Մկրտությանը մասնակից արվեցին նաև Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 11 աշակերտներ:
Հատկանշական է, որ մկրտության արարողության, ինչպես և երեխաների կեցության ապահովման հետ կապված բոլոր խնդիրները հոգացել են թվով 7 կնքահայրերը, ովքեր ամենատարբեր պաշտոններ են զբաղեցնում պետական կառույցներում: Եթե, որպես կնքահայր, Ալվինա և Ալինա Ասրյանների համար քավոր կանգնեց Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետ Վաղինակ Մկրտչյանը, ապա Լիլիթ և Արծվիկ Ղազարյանների խնքահայրը` Աշոտ Աբելյանն էր: Մարթա և Արթուր Հարությունյաններին իր օջախում հյուրընկալել էր Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Վահրամ Ալեքսանյանը /նա էլ հանդիսացավ երեխաների կնքահայրը/: Քույր և եղբայր Հասմիկ ու Հարութ Հարությունյանների կնքահայրերն էին Երևանի <<Մետրոպոլ>> հյուրանոցի փոխտնօրեն Օհան Աբրահամյանը և <<Մերրոր Արմենիան>> /ԱՄՆ/ թերթի գլխավոր խմբագիր Գևորգ Մարաշյանը: Վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի մասնագետ Արամ Պետրոսյանը <<ստանձնել>> էր եղբայրներ Սերգեյ և Աշոտ Հարությունյանների, իսկ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը` Մարիամ Ալավերդյանի կնքահոր պարտականությունները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն