Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 5-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը:
Օրակարգային հարցերը քննության առնելուց առաջ, մասնակիցները քաղաքապետի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հայորդիների պայծառ հիշատակը:
2016թ. 1-ին եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով, ավագանին որոշեց` Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ հատկացնել ավագանու անդամներին: Նիստում որոշում կայացվեց համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության կարգով օտարելու վերաբերյալ: Ավագանին իր համաձայնությունը տվեց նաև մայրաքաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 25 շենքի 1-ին հարկից` 27,57 քառ.մետր մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով <<Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն>> հասարակական կազմակերպությանը տրամադրելու վերաբերյալ որոշմանը:
Նիստում ի գիտություն է ընդունվել նաև քաղաքացիական պաշտպանության հաղորդագրությունը` անհրաժեշտության դեպքում բնակչության պատսպարման նպատակով բարձրահարկ շենքերի նկուղները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ: Ստեփանակերտի քաղաքապետի հանձնարարությամբ աղբից ազատվում են հիշյալ տարածքները, նորոգվում, անցկացվում է էլեկտրահոսանք, տեղադրվում են դռներ և նստարաններ:
Բազմահարկ շենքերի և դպրոցների նկուղներում անվտանգության ապահովման տեսանկյունից` կարևորելով իրականցվող միջոցառումների նշանակությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տարածքի սեփականատերերին և վարձակալներին հորդորեց չխոչընդոտել շինարարական կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքներին, իսկ քաղաքի բնակիչներին կոչ արեց ըմբռնումով մոտենալ խնդրին և ակտիվ մասնակցություն ցուցաբերել նկուղների /պատսպարման օբյեկտների/ սանիտարական մաքրմանը:
Ավագանու նիստում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես եկավ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Չկորցնելով զգոնությունը և աջակցելով պաշտպանության բանակին, մայրաքաղաքի կենսաապահովման կազմակերպությունները ջանք չեն խնայում իրենց պարտականություններն անթերի կատարելու, բնակչության բնականոն կյանքին նպաստելու համար: Ստեփանակերտում պատշաճ մակարդակով է անցկացվել ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներն ու ընկերությունները, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու ուսումնական մյուս հաստատությունները: <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությունների աշխատակիցների աջակցությամբ սանմաքրման են ենթարկվել բակերն ու հրապարակները, բազմաբնակարան շենքերի մուտքերն ու նկուղները, հովանոցները, քաղաքից դուրս է բերվել 41 տոննա կենցաղային և 61 տոննա շինարարական աղբ: Փխրեցվել են կանաչ գոտիները, երիտասարդացվել և կիրապատվել ծառերը, ձևավորվել թփերը: Ստեփանակերտի տարբեր փողոցներում և թաղամասերում տնկվել է շուրջ 230 ծառ և վարդի թուփ, 50 հազար հատ ծաղկի սածիլ: Այս օրերին ընկերության աշխատակիցները սիզամարգերում և պուրակներում զբաղված են խոտհարքի, սածիլների նորատունկ թփերի և ծառերի խնամքի կազմակերպման աշխատանքներով:
Նիստի ավարտին ավագանու անդամներին հետաքրքրող հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես է եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն