Երևանի ու Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև 2015թ. ստորագրված` բարեկամության և համագործակցության համաձայնագրի շրջանակում շարունակում են ամրապնդվել ու ավելի սերտանալ երկկողմ հարաբերությունները, իրագործվում են նոր ծրագրեր և մտահղացումներ:
Հատկանշանական է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիներին Ստեփանակերտի ենթակայության տակ գտնվող կառույցներին ցուցաբերվել է զգալի աջակցություն, որը էապես նպաստել է կոմունալ ծառայությունների աշխատանքի բարելավմանը, կենսական նշանակության խնդիրների լուծմանը:
Օրերս մայրաքաղաքին հերթական օգնությունն է ցուցաբերվել Ստեփանակերտի <<Սանմաքրում>> կազմակերպությանը: Այս անգամ Երևանի քաղաքապետարանը ընկերությանը նվիրաբերել է ջրցան ավտոմեքենա, որի անհրաժեշտությունը` տնօրեն Ալեքսեյ Սեյրանյանի խոսքով, խիստ զգացվում էր:
Ըստ Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի, նախաձեռնությունը դարձյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է: Ս.Թամրազյանը` քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների անունից շնորհակալություն է հայտնել նրան մշտական աջակցության համար:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն