ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՆԱՉ ԶԳԵՍՏ Է ՀԱԳԵԼ

28.04.2016

 

Չնայած թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծած քառամյա պատերազմական իրադարձություններից հետո շատ քիչ բան է փոխվել և, սահմանում շարունակում է իրավիճակը լարված մնալ, չկորցնելով զգոնությունը և աջակցելով պաշտպանության բանակին, մայրաքաղաքի կենսաապահովման կազմակերպությունները ջանք չեն խնայում իրենց պարտականություններն անթերի կատարելու, բնակչության բնականոն կյանքին նպաստելու համար:

Համաձայն քաղաքապետի որոշման, Ստեփանակերտում պատշաճ մակարդակով է անցկացվել կանաչապատման, սանիտարական մաքրության և բարեկարգման շաբաթօրյակը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներն ու ընկերությունները, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներն ու ուսումնական մյուս հաստատությունները:

Փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի տեղեկացմամբ, <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ընկերությունների աշխատակիցների աջակցությամբ սանմաքրման են ենթարկվել բակերը, հրապարակները, բազմաբնակարան շենքերի մուտքերն ու նկուղները, հովանոցները: <<Ջրմուղ կոյուղի>> ընկերության աշխատողներն էլ ստանձնել են պոմպակայանների և ֆիլտրկայանների պորֆիլակտիկ միջոցառումների իրականացումը:

Գլխավորապես <<Ստեփանակերտի բուսաբանական այգու>> ծաղկաբույծների և այգեգործների ուժերով է կազմակերպվել ծառատունկը` մայրաքաղաքի ամենատարբեր թաղամասերում /մասնավորապես` Թումանյան փողոցի վրա գտնվող բնակելի նոր թաղամասում/: Այս օրերին ընկերության աշխատակիցները սիզամարգերում և պուրակներում զբաղված են ծաղիկների սածիլման և խնամքի կազմակերպման աշխատանքով: Ամենուր աչք են շոյում նորատունկ, գունեղ ծաղիկներն ու վարդի թփերը:

Մայիսյան եռատոնի նախաշեմին Արցախի մայրաքաղաքն օրեցօր գեղեցկանում, տոնական տեսք է ստանում:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն