Առևտրի ոլորտի օրենսդրական պահանջների կատարման հսկողությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի կողմից շարունակվում են շրջայցերն ու ստուգայցերը Ստեփանակերտում:
Դրանք ուղղված են համայնքի տարածքում առանց համապատասխան թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, տեխնիկական հեղուկների վաճառք, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք, բացօթյա և շրջիկ առևտուր իրականացնող, առևտրի և հանրային սննդի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատեցնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերմանը:
Նպատակ հետապնդելով պահպանել Ստեփանակերտ քաղաքի արտաքին գեղագիտական տեսքը և փողոցներում բացառել հակասանիտարական երևույթները, շրջայցերի ժամանակ առավել ուշադրություն է դարձվում բացօթյա ապօրինի առևտրի արգելմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև համապատասխան թույլտվություն ստացած բացօթյա և շրջիկ առևտրի կանոնակարգմանը:
Քաղաքապետարանի եկամուտների բաժնի պետ Սուսաննա Բեգլարյանի խոսքով, կարևորելով տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածությունը` առևտրի և ծառայությունների ոլորտում առկա օրենսդրական պահանջներին և նորմերին, մայրաքաղաքի տարբեր հատվածների դիտարկումների ընթացքում ինչպես առևտրի, հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի, այնպես էլ վաճառողների հետ տարվում են բացատրական աշխատանքներ: