ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

03.03.2016

Մայրաքաղաքը կունենա իր նոր, գլխավոր հատակագիծը

 

Մարտի 3-ին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ,տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ներառված էին մեկ տասնյակից ավելի հարցեր:

Ավագանին որոշեց լրամշակման և առավել մանրակրկիտ ուսումնասիրման նպատակով հետաձգել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու կանոնակարգի ընդունումը:

Ելնելով Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման անհրաժեշտությունից, համայնքի ավագանու` բարեկարգման կարգի սահմանման վերաբերյալ 2010թ. մարտի 22-ին ընդունված որոշման մեջ մի շարք փոփոխություններ կատարվեցին: Անդրադառնալով խնդրին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ մայրաքաղաքի կարգավիճակը պահանջում է մշտական վերահսկողություն սահմանել անշարժ գույքի և նրան հարող տարածքների բարեկարգման ու սանիտարական մաքրության ապահովման ուղղությամբ, մինչդեռ որոշ տնտեսավարող սուբյեկտներ թերանում են իրենց պարտավորությունների կատարման մեջ` դրանով իսկ խախտելով փոխհամաձայնեցված պայմանավորվածությունը: Քաղաքապետը գտնում է, որ խնդրահարույց հարցում հանդուրժողականությունը միմիայն կվնասի օրինականության, կարգուկանոնի հաստատմանը և, բոլոր ձեռնարկատերերն, անկախ սեփականության ձևից, պետք է պարտավորված զգան ու հետևողական լինեն ներկայացված պահանջների անվերապահ կատարման գործում: <<Ժամանակն է, որպեսզի այս հարցում ևս համապատասխան մշակույթ ձևավորվի և տնտեսվարող սուբյեկտներն ու մյուս կազմակերպությունները քաջ գիտակցեն իրենց պարտականությունները քաղաքապետարանի նկատմամբ>>, - ընդգծեց Ս.Գրիգորյանը:

Նիստում որոշում կայացվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը` տեխնիկատնտեսական հիմնավորումներով, հավանության արժանացնելու վերաբերյալ: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանման կարգով նշեց, որ Ստեփանակերտի գլխավոր հատակագծին վերջին անգամ անդրադարձել է եղել 15 տարի առաջ: Մինչդեռ քաղաքաշինության մեջ անցած տարիներին արձանագրված էական փոփոխություններն ու իրադարձությունները, մայրաքաղաքի հետագա զարգացման հետ կապված մյուս խնդիրները քաղաքային համայնքի նոր գլխավոր հատակագծի /նախագծի/ անհրաժեշտությունն անխուսափելի են դարձնում:

Քաղաքապետի խոսքով, անցած ժամանակաշրջանում Ստեփանակերտում իրականացվել են մի շարք քաղաքաշինական ծրագրեր: Կառուցվել են բնակելի ու հասարակական շենքեր, շինություններ, նոր դպրոցներ և մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, հյուրանոցներ, հասարակական սննդի օբյեկտներ, մշակույթի կենտրոններ, գրադարաններ, խաղահրապարակներ, մարզադաշտեր: Իրականացվել է ճանապարհային ցանցի ընդլայնում, քաղաքի ինժեներական կահավորում: Աշխատանքներ են իրականացվել այգիների հիմնադրման, զբոսայգիների կառուցման և կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ: Կառուցվել են նոր թաղամասեր ու իրականացվել լայնածավալ բարեկարգման աշխատանքներ: Գլխավոր հատակագծի հաստատումից հետո քաղաքում տեղի ունեցած առաջընթացն արձանագրելով` անհրաժեշտ է ընդգծել, որ ներկա ժամանակաշրջանում իրենց լուծումն են պահանջում բազմաթիվ քաղաքաշինական խնդիրներ: 2000 թվականին հաստատված Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը գրեթե ամբողջությամբ սպառել է իր նշանակությունը` առաջադրված ծրագրերի ու պահանջների, կատարման ձևաչափերի կապակցությամբ: Ներկայումս քաղաքի առջև նոր քաղաքաշինական ու ծրագրային խնդիրներ են ծագում, որոնց լուծումը գործնականում նորովի մոտեցում է պահանջում: Թե ամբողջ քաղաքում, թե դրա առանձին հատվածներում ծագող քաղաքաշինական հարցերի օպերատիվ և ճիշտ լուծման համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից պահանջներին համահունչ ու բազմակողմանի նախագծված գլխավոր հատակագիծ, ինչպես նաև հողերի գոտիավորման և օգտագործման սխեմա: Այդ նպատակին է միտված ավագանու որոշման ընդունումը, որը քաղաքապետի համոզմամբ, Երևանի <<Հայնախագիծ>> ինստիտուտի մասնագետներին և ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը հնարավորություն կտա համատեղել ուժերը և արդյունքում ունենալ մայրաքաղաքի լիարժեք, նոր, գլխավոր հատակագիծը:

Ավագանին որոշեց սեփականության իրավունքով Ստեփանակերտի քաղաքային համայնքին պատկանող Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող գրադարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Մեկ այլ որոշմամբ /սեփականության իրավունքով/ քաղաքային համայնքին պատկանող Վ.Սարգսյան փողոցի թիվ 25 շենքի 1-ին հարկից 335,37 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց <<Ստեփանակերտի մանկապատանեական մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Նիստում որոշումներ են ընդունվել նաև համայնքի սեփականություն հանդիսացող շենքերից բնակարան /նվիրատվության կարգով/, ինչպես նաև ոչ բնակելի տարածք /ուղղակի վաճառքի ձևով/ օտարելու մասին:

Օրակարգը սպառվելուց հետո, ավագանու անդամների կողմից բարձրացվել են մայրաքաղաքին առնչվող կենսական նշանակության մի շարք հարցեր, հնչեցվել են նաև առաջարկություններ, որոնց վերաբերյալ քաղաքապետը սպառիչ պարզաբանումներ է տվել:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն