ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԽՆԿԱՐԿՎԵԼ Է ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

29.02.2016

Եղեռնագործություն, որ իր արժանի գնահատականը դեռ չի ստացել

 

Այս օրերին, երբ հայ ժողովուրդն աշխարհի առաջադեմ մարդկության հետ նշում է 1988-ին Սումգայիթում` ազերիների կողմից իրականացված հայկական ջարդերի տարելիցը և խնկարկում անմեղ զոհերի հիշատակը, Ադրբեջանի իշխանություններն ավելորդ ճիգեր են գործադրում` նույն թվականի փետրվարին Խոջալուում տեղի ունեցած դեպքերը վերագրելու հայերին, այն որակելով որպես <<ցեղասպանություն>>: Մինչդեռ իրականում հայտնի է, թե ովքեր են հեղինակել Սումգայիթի հայ բնակչության կոտորածը, իսկ Խոջալուում` արյունոտ սցենար մշակել և հետևողականորեն այն իրագործել…

Ադրբեջանում քաղաքական կառույցներն ու պետական քարոզչական մեքենան ապատեղեկատվական հսկայական նոր արշավանք են նախաձեռնել` նպատակ ունենալով <<Խոջալուի խաղաղ բնակիչների զանգվածային սպանության վերաբերյալ>> շրջանառել իրենց մտածածին առասպելը և խլացնել Սումգայիթյան հրեշավոր եղեռնագործության հնչեղությունը: Սակայն միջազգային հանրությունը հազիվ թե ունկնդիր դառնա ազերիների խարդավանքներին:

Ահա արդեն 28 տարի է, ինչպես Հայաստանում և Սփյուռքում, այնպես էլ` Արցախում ոճրագործության տարելիցի առիթով ամենատարբեր միջոցառումներն են իրականացվում, դատապարտվում Ադրբեջանի իշխանությունների վայրագ քաղաքականությունը: Փետրվարի 28-ին, չնայած օրը ոչ աշխատանքային էր, կիրակի, Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող երթի մասնակիցների` քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, պետական կառույցների հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների, բուհերի, ուսումնական մյուս հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների թիվը շարունակ աճում էր: Այն անցավ <<Եթե Սումգայիթի սպանդը միջազգային կառույցների կողմից դատապարտվեր` նոր սումգայիթներ չէին ծնվի>> կարգախոսով:

Եղեռնագործությանը զոհ գնացած հայերի հիշատակը հարգելու էին եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` մի խումբ պաշտոնատար անձանց և ՊԲ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ:

Քաղաքացիական իր պարտքը կատարելու էր եկել և քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Երկրի ղեկավարի, օրենսդիր և գործադիր իշխանությունների, Ստեփանակերտի քաղաքապետարանի, տարբեր գերատեսչությունների անունից ծաղկեպսակներ են դրվում Սումգայիթում նահատակված հայրենակիցների հուշաքարին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգում են նրանց հիշատակը:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն