ԼՂՀ նախագահին ուղեկցում էր և Ստեփանակերտի քաղաքապետը
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինհրապարակ և ծանոթացել շինարարական աշխատանքներին:
2006 թվականի աշնանն էր, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ դրվեց Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հիմնարկեքը և շինարարական աշխատանքներն ընթացք ստացան: Ու, քանի որ Աստծո տան կառուցումը հիմնականում իրականացվում է Էջմիածնի կաթողիկոսարանի, բարերարների նվիրատվությամբ և բնակչության հանգանակությամբ, Արցախի հոգևոր թեմի առաջնորդարանի կողմից, բնականաբար, վերհսկվում է ինչպես հայթայթված գումարների նպատակային ծախսումն, այնպես էլ` կատարվող աշխատանքների որակի ապահովումը:
Պարգև սրբազանի հավաստմամբ, շինարարական աշխատանքների ավելի քան 80 տոկոսն արդեն իրականացված է ու <<քայլեր են ձեռնարկվում գալիք տարում վերջնական փուլն ավարտին հասցնելու համար>>:
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի բարձրությունը կկազմի 35, իսկ զանգակատան բարձրությունը` 25 մետր: Ըստ Պարգև սրբազանի, խաչի տեղադրմամբ և օծմամբ` 2016-ի սեպտեմբերին նախատեսվում է եկեղեցու հանդիսավոր բացումը ու զիլ կղողանջեն առաջին զանգերը…
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն